Սևանա լիճը Հայաստանի բնության ամենամեծ հարստությունն է, սակայն 20-րդ դարում այն դարձավ մեր երկրի ամենացավոտ հիմնախնդիրներից մեկը։ Այն, ինչ այսօր անվանում ենք «Սևանի պրոբլեմ», ձևավորվել է խորհրդային տարիներին, երբ տնտեսական հզորացման ձգտումը հանգեցրեց բնապահպանական աղետի եզրին։
Ամեն ինչ սկսվեց 1910-ականներին, երբ ինժեներ Սուքիաս Մանասերյանն առաջ քաշեց մի գաղափար` քանի որ լճի ջրի 88%-ը պարզապես գոլորշիանում էր, պետք էր կրճատել լճի մակերեսը և այդ ջուրն ուղղել տնտեսությանը։
Խորհրդային իշխանությունները 1933-ին սկսեցին այս նախագծի իրականացումը։ Նպատակը՝ իջեցնել լճի մակարդակը 50 մետրով, ամբողջությամբ ցամաքեցնել Մեծ Սևանը և ստացված ջրով ոռոգել Արարատյան դաշտի 100 հազար հեկտար հողերը։
Լճից դուրս եկող ջուրը չպետք է աննպատակ հոսեր։ Հրազդան գետի վրա կառուցվեց 7 հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) շղթա, որը հայտնի է որպես Սևան-Հրազդան կասկադ։ Կարևորագույն հանգույցներն էին`
- Քանաքեռ ՀԷԿ (1936թ.)` առաջնեկներից մեկը։
- Սևան ՀԷԿ (1949թ.)` բացառիկ ստորգետնյա կայան։
- Արգել ՀԷԿ (1953թ.)` կասկադի ամենահզոր կայանը։
Այս համալիրը Հայաստանին ապահովեց տարեկան ավելի քան 2 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիայով՝ դառնալով մեր արդյունաբերության հիմքը։
Տնտեսական վերելքն ունեցավ իր ծանր հետևանքները։ Մինչև 2000 թվականը լճի մակարդակն իջավ 19.6 մետրով։ Արդյունքում.
- Լճի մաքուր ջուրը պղտորվեց (12 մետրից դառնալով 4.5 մետր)։
- Չորացավ Գիլի լիճը, ինչի պատճառով 167 թռչնատեսակից մնացին միայն 18-ը։
- 1924-ին լիճ բերվեց սիգը, որը, ի տարբերություն տեղական իշխանի, կարողացավ հարմարվել փոփոխվող պայմաններին։
Երբ պարզ դարձավ, որ Սևանի կորուստը կլինի ազգային աղետ, ռազմավարությունը փոխվեց։ Լիճը փրկելու համար ձեռնարկվեցին երկու կարևոր քայլ`
- Ջերմային կայանների կառուցում:
Գազով աշխատող ՋԷԿ-երը թույլ տվեցին նվազեցնել Սևանից կախվածությունը։ - Արփա-Սևան թունել:
1963-1981 թվականներին կառուցվեց 48.3 կմ երկարությամբ հսկայական թունելը, որը սկսեց Արփա գետի ջրերը տեղափոխել դեպի Սևան՝ մակարդակը կայունացնելու համար։