Рубрика: Կենսաբանություն

Ապրիլի 24-30

Միջատներ՝թիթեռներ, 1 , սարդեր, զատիկներ1

Լրացուցիչ աշխատանք

Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր

Մենք դեռ մանկուց լսել ենք շատ տարբեր լեգենդներ, հետաքրքիր են հատկապես կենդանիների և միջատների մասին լեգենդները։

Հիմա ներկայացնեմ դրանցից մի քանիսը։

Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց պոկել է քամին։ Նրանք նաև թիթեռներին անվանում էին «feralis»՝ վայրագ և հավատում էին, որ նրանք կարող են նախազգուշացնել պատերազմի մասին։  Հին հույները համարում էին, որ թիթեռը հոգու անմահության խորհրդանիշն է։

Չինաստանում թիթեռը անմահության, պտղաբերության, սիրահարվածության, ամռան մարմնավորումն է։ Սալորի հետ պատկերված թիթեռը խորհրդանշում էր մարդու երկարակեցությունն ու գեղեցկությունը, քրիզանթեմի հետ՝ գեղեցկությունը ծեր տարիքում, իսկ փետուրի հետ՝ երկարակեցությունը։ Թիթեռի կերպարը հաճախ է հանդիպում դաոսական առակներում։ Եվ այժմ էլ փեսացուն հարսանիքից առաջ հարսնացուին է նվիրում ողջ կամ նեֆրիտե թիթեռ՝ որպես իր սիրո նշան։

Կան նաև լեգենդներ սարդերի մասին։ Ասում են իբրև սարդերին սատկացնելուց հետո տանը հիվանդություններ են առաջանում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հնում մարդկանց բուժել են տարբեր խոտաբույսերի, բույսերի եւ միջատների օգնությամբ։ Շատ կախարդներ հավատացել են, որ սարդերը կարող են պաշտպանել մարդկանց հիվանդություններից։ Իհարկե, վաղուց ի վեր ապացուցվել է, որ սարդերը ոչ մի բուժիչ հատկություն չունեն, սակայն սարդի որոշ տեսակների թույնը մինչ օրս օգտագործվում է որոշ դեղահաբերի պատրաստման գործընթացում։ Ասում են նաև, որ սարդ սատկացնելը կարող է դժբախտություն բերել։ Ընդ որում, կարծիք կա, որքան փոքր սարդ են սատկացնում, դժբախտություններ ավելի շատ են լինում։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ սարդերը նույնպես կենդանի էակներ են, եւ չի կարելի սատկացնել նրանց։

Զատիկի շուրջ էլ են ստեղծվել մի շարք առասպելներ։ Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Рубрика: Մայրենի

Դենիել Քիզ «ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ»

հաշվետվուցյուն 1 — մարտի 5, 1965
Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց ինքն ասում է որ էդ շատ կարեվոր է որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ որ ինձ կոգտագործեն: Միսս Կինիանն ասում է որ նրանք երեվի կկարողանան ինձ խելացի դարցնել: Ես ուզումեմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր վերջացնումեմ գրելը:

հաշվետվուցյուն 2 — մարտի 6

Ես էսոր տեստ արեցի: Ինձ թվում է կտրվելեմ: Ու ինձ թվում է որ հիմա իրենք ինձ հազիվ թե օգտագործեն: Տեստը էն էր որ մի բարի ջահել մարթ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:
Ես ասացի որ թանաքի բիծեմ տեսնում: Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց որ վերջ բայց հենց վերկացա որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր որ ասեմ ինչ կա թանաքի մեչ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչոր նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիսեմ դնում բայց հետո ասացի որ միջանցքում պահարանի մեչ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտտ ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեչ ինչ կա:
Ես շատ փորցեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչոր բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվելեմ: Ասացի որ էդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կաին: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրումեմ թողեք մի անքամ էլ փորցեմ: Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ:
Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:
Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ տեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեչ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երեվի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:
Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ:

հաշվետվուցյուն 3 — մարտի 7

Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ասում են որ թանաքի բծերը կարեվոր չեն: Ես ասացի որ քարտերի վրա ես չէի թանաքը թափել ու որ թանաքի մեչ ոչմի բան չկարողացա տեսնել: Իրենք ասացին որ երեվի դեռ կոգտագործեն ինձ: Ես ասացի որ միսս Կինիանը ինձ երբեք այդպիսի տեստեր չեր տալիս մենակ ուղղագրուցյուն ու ընթերցանուցյուն էր ստուգում: Իրենք ասացին որ միսս Կինիանը պատմել է որ ես իր ամենալավ աշակերտն եմ հետամնաց չափահասների գիշերոտիկ դպրոցում որովհետեվ ես ամենաշատն եմ աշխատում ու իսկականից ուզումեմ սովորել: Հետո ասացին Չարլի բա ոնց եղավ որ դու ինքնուրույն գնացիր չափահասների գիշերոտիկ դպրոց: Ոնց գտար: Ես ասացի որ հարցրեցի մարդկանց ու մեկը բացատրեց ես ուր գնամ որ լավ կարդալ ու գրել սովորեմ: Իրենք ասացին իսկ ինչու էիր ուզում դպրոց գնալ: Ես ասացի որ ամբողչ կյանքումս ուզելեմ խելացի լինել ոչ թե հիմար: Բայց խելացի լինելը շատ դժվար բան է: Իրենք ասացին գիտես չէ որ դա երեվի ժամանակավոր է լինելու: Ես ասացի այո: Միսս Կինիանը ինձ արդեն ասել է: Ոչինչ թող մի քիչ էլ ցավա ես չեմ վախենում:

Հետո էսոր էլի ուրիշ խառը տեստեր էլ ունեցա: Տեստը մի հաճելի կին էր անցկացնում ու ինձ ասաց դրա անունը ու ես հարցրեցի թե ոնց է գրվում որ կարողանամ իմ հաշվետվուցյան մեչ գրեմ: ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ: Ես առաչին երկու բառերը չեմ հասկանում բայց գիտեմ տեստը ինչ է նշանակում: Տեստը այն է որ կամ անցնումես կամ էլ վատ գնահատականներ ես ստանում: Այս մի տեստը սկզբում ավելի հեշտ թվաց որովհետեվ ես նկարները տեսնում էի: Բայց այս անքամ ինքը չեր ուզում որ ես ասեմ ինչ նկար եմ տեսնում: Ես շփոթվեցի: Ասացի որ երեկվա մարդը ասում էր որ պետք է ասեմ ինչեմ տեսնում թանաքի մեչ իսկ կինը ասաց որ դա կապ չունի: Ասաց պատմիր նկարների միջի մարդկանց մասին:

Ես ասացի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասացի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ:

Ինքը ասաց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են: Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: Ասացի ոնց կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել: Ինքը տխրեց ու նկարները պահեց: Ինձ մեկ է: Այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Ինձ թվում է ես այդ մի տեստից էլ եմ կտրվել:

Հետո սպիտակ խալաթներով մարթիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ: Խաղը մի տեսակ մրցուցյուն էր սպիտակ մկնիկի հետ: Մկնիկի անունը Էլջերնոն է: Էլջերնոնը մի արկղի մեչ էր որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու պտույտներ կաին ոնց որ ասենք շատ խառը պատեր ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կաին: Մի կողմում գրված էր ՍԿԻԶԲ մյուս կողմում ՎԵՐՋ: Ինձ ասացին որ դա լաբինթոս է ու որ իմ ու Էլջերնոնի լաբինթոսները նույնն են: Ես չհասկացա ոնց կարող են մեր լաբինթոսներընույնը լինել եթե Էլջերնոնինը արկղ է իսկ իմը թուղթ բայց ոչմի բան չասացի: Մեկ է ժամանակ չկար որովհետեվ մրցուցյունը արդեն սկսվել էր:

Մարդկանցից մեկը ժամացույց ուներ ու փորցում էր պահել որ ես չտեսնեմ դրա համար էլ ես աշխատում էի այդ կողմ չնայել ու դրա պատճառով անընդհատ նյարդայնանում էի:

Ես այդ տեստից ավելի շատ նեղվեցի քան մնացած բոլորից որովհետեվ իրենք դա անցկացրեցին տասը անքամ ամեն անքամ ուրիշ լաբինթոսով ու բոլոր անքամները Էլջերնոնը հաղթեց: Ես չգիտեի որ մկները այդքան խելացի են: Երեվի Էլջերնոնը սպիտակ մկնիկ է դրանից է: Երեվի սպիտակ մկները ավելի խելացի են քան մյուսները:

hաշվետվուցյուն 4 — մարտի 8

Ինձ օգտագործելու՜ են: Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկզբում այդ մասին մի քիչ վիճեցին իրար հետ: Դոկտոր Նեմուրը այնքան էլ չեր ուզում ինձ օգտագործել բայց դոկտոր Շտրաուսը ասաց որ միսս Կինիանը խորուրդ է տվել ինձ վերցնել ու որ ես իր աշակերտներից ամենալավն եմ: Միսս Կինիանը ինձ դուրէ գալիս որովհետեվ ինքը շատ խելացի ուսուցչուի է: Ու նա ինձ ասաց Չարլի դու երկրորդ շանս կունենաս: Եթե կամաոր համաձայնես այս գիտափորցին մասնակցել հնարաոր է որ խելացի դառնաս: Իրենք դեռ չգիտեն դա մշտական կլինի թե ոչ բայց շանս կա: Դրա համար էլ ես ասացի համաձայն եմ չնայած շատ էի վախեցած որովհետեվ միսս Կինիանը ասաց որ ինձ վիրահատուցյուն են անելու: Հետո ինքը ասաց մի վախեցիր Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի:
Դրա համար էլ վախեցա երբ դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկսեցին կռվել: Դոկտոր Շտրաուսն ասաց որ իմ մեչ ինչոր մի շատ լավ բան կա: Ասաց որ ես լավ մոտիկացիա ունեմ: Ես կյանքում չգիտեի որ այդպիսի բան ունեմ: Ես ինձ հպարտ զգացի երբ ասաց որ 68 վայքու ունեցող ամեն մեկը չի որ կարող է դա ունենալ: Ես չգիտեմ թե դա ինչ է կամ որտեղիցեմ գտել բայց ինքը ասաց որ Էլջերնոնն էլ ունի դրանից: Էլջերնոնիմոտիկացիան իր արկղի մեչ դրված պանիրն է: Բայց իմը հաստատ ուրիշ բան է որովհետեվ ես էս շափաթ պանիր ընդհանրապես չեմ կերել:
Հետո ինքը ինչոր բան ասաց դոկտոր Նեմուրին որ ես չհասկացա դրա համար էլ մինչեվ իրենք խոսում էին ես մի քանի բառ գրեցի որ հիշեմ:
Ասաց դոկտոր Նեմուր ես գիտեմ որ Չարլին հաստատ այն չի ինչպիսին պատկերացնում էիք որ կլինի ձեր առաջին իմտելեկ*** (չկարողացա գրել) սուպերմենը: Բայց նրա նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** նրանք սովորաբար համառեն ու ապաթ*** ու նրանց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ:
Դոկտոր Նեմուրը ասաց հիշեք որ ինքը առաջին մարդկայն արարածն է լինելու ում իմտելեկտը վիրահատական միջամտուցյան արձյունքում եռապատկվելու է:
Դոկտոր Նեմուրը ասաց ճիշտ է: Տեսեք թե ինքը իր ցածր մտաոր տարիքի համար ինչքան լավ է կարթալ ու գրել սովորել դա նույնքան լուրջ ձեռքբեր*** է ինչքան եթե ես ու դուք առանց որեվե օգնուցյան սովորեինք էնշտեյնի ***կանուցյան տեսուցյունը: Դա հենց շատ մեծ մոտիկացիայի նշան է: Ինքը ահռե*** մեծ կամք ու ցանկուցյուն ունի ու ես համոզված եմ որ պետք է օգտագործենք Չարլիին:

Ես լիքը բառեր չէի հասկանում ու համել իրենք շատ արագ էին խոսում բայց ոնց որ թե դոկտոր Շտրաուսը իմ կողմից էր իսկ մյուսը չէ:
Հետո դոկտոր Նեմուրը գլխով արեց ու ասաց լավ գուցե դուք ճիշտեք: Արի օգտագործենք Չարլիին: Երբ այդպես ասաց ես այնքան շատ ուրախացա որ տեղիցս վեր թռա ու ձեռքը սեղմեցի որ իմ հանդեպ այդքան բարի է: Ասացի շնորհակալուցյուն բժիշկ դուք չեք փոշմանի որ ինձ երկրորդ շանս եք տալիս: Ու ես անկեղծ համոզվածեմ որ չեն փոշմանի: Վիրահատուցյունից հետո ես փորցելու եմ խելացի լինել: Փորցելու եմ ինչքան ուժ ունեմ:

հաշվետվուցյուն 5 — մարտի 10

Ես վախենումեմ: Այստեղ աշխատող լիքը մարդիկ բուշքույրերն էլ ու ինձ տեստ տվողներն էլ եկան ու ինձ շոկոլադ բերեցին ու հաջողուցյուն մախթեցին: Ես հույս ունեմ որ բախտս կբերի ու հաջողուցյուն կունենամ: Նապաստակի ոտքը մոտս է բախտավոր պեննին էլ ու համել պայտս: Մենակ թե երբ հիվանդանոց էի գալիս դիմացովս մի սեվ կատու անցավ: Դոկտոր Շտրաուսն ասում է Չարլի սնավատ մի եղիր սա գիտուցյուն է: Բայց ես ամեն դեպքում նապաստակի ոտքս պահումեմ մոտս:
Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի իսկ վիրահատուցյունից հետո Էլջերնոնին կհաղթե՞մ ու ինքը ասաց երեվի: Եթե վիրահատուցյունը ստացվի ես էդ մկնիկին ցույց կտամ որ կարողեմ այնքան խելացի լինել ինչքան ինքը: Երեվի նույնիսկ ավելի խելացի: Ու հետո ես կկարողանամ ավելի լավ կարդալ ճիշտ գրել լիքը բան իմանալ ու մյուս մարդկանց նման լինել: Ես ուզումեմ մյուս մարդկաց նման խելացի լինել: Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարհում բոլորին խելացի դարցնել:
Այս առավոտ ինձ ուտելու ոչմի բան չտվեցին: Ես չեմ հասկանում ուտելը ինչ կապ ունի խելացի դառնալու հետ: Ես շատ սովածեմ ու դոկտոր Նեմուրն էլ տարավ իմ շոկոլադները: Այդ դոկտոր Նեմուրը լրիվ խոզ է: Դոկտոր Շտրաուսն ասում է որ վիրահատուցյունից հետո շոկոլադներս կվերադարցնեն: Վիրահատուցյունից առաջ ուտել չի կարելի:

Հաշվետվություն 6 — մարտի 15

Վիրահատուցյունը հեչ չցավաց: Ես այդ ժամանակ քնած էի: Այսոր աչքերիս ու գլխիս վիրակապները հանեցին ու ես արդեն կարողեմ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ գրել: Դոկտոր Նեմուրը նայել էր իմ հին գրածները ու ասում է որ ես ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ բառը սխալեմ գրում ու բացատրեց թե ոնց են ճիշտ գրում: Ուզումեմ փորցեմ հիշել:
Ես ուղագրուցյունը շատ վատեմ հիշում: Դոկտոր Շտրաուսն ասում է որ լավ է որ գրումեմ ինձ հետ եղած ամեն ինչի մասին բայց պիտի ավելի շատ պատմեմ թե ինչեմ զգում ու ինչեմ մտածում: Երբ ասացի որ չգիտեմ ոնց են մտածում ինքը ասաց ոչինչ փորցիր: Երբ վիրակապները աչքերիս վրա էին ես անընթատ փորցում էի մտածել: Ոչ մի բան չստացվեց: Ես չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Երեվի եթե իրեն հարցնեմ ինքը կասի թե ոնց մտածեմ: Հիմա պիտի որ արդեն կամաց կամաց սկսեմ խելացի դառնալ: Հետարքրիր է ինչ են մտածում խելացի մարդիկ: Ինձ թվում է շատ սիրուն բաներ: Ես էլ կուզենայի սիրուն բաներ իմանալ:

Հաշվետվություն 7 — մարտի 19

Ոչմի բան չի փոխվել: Ես էլի լիքը տարբեր տեստեր արեցի ու լիքը մրցեցի Էլջերնոնի հետ: Ես ատումեմ այդ մկնիկին: Ամեն անքամ հաղթում է ինձ: Դոկոր Շտրաուսն ասում է որ այդ խաղերը խաղալը կարեվոր է: Ու համել ասում է որ պիտի պարբենաբար նորից հանձնեմ նույն տեստերը: Թանաքի բծերը ապուշուցյուն են: Նկարներն էլ են ապուշուցյուն: Ես սիրումեմ մարդ ու կին նկարել բայց ոչմի դեպքում ստեր չեմ հորինի մարդկանց մասին:
Այնքան շատեմ փորցում մտածել որ գլուխս ցավում է: Ինձ թվում էր որ դոկտոր Շտրաուսը իմ ընկերն է բայց ինքը ինձ չի օքնում: Չի ասում ինչ մտածեմ կամ երբ խելացի կդառնամ: Միսս Կինիանն էլ չի գալիս ինձ տեսնելու: Ինձ թվում է այս հաշվետվություններն էլ են ապուշուցյուն:

Հաշվետվություն 8 — մարտի 23

Ես հետ եմ գնում գործարան աշխատելու: Ինձ ասացին որ ավելի լավ կլինի եթե նորից գնամ գործի բայց ոչմեկի չի կարելի ասել թե վիրահատուցյունը ինչի համար էր ու համել ամեն օր գործից հետո պիտի մի ժամով գամ հիվանդանոց: Իրենք ինձ ամեն ամիս փող են տալու որ ես սովորեմ խելացի լինել:
Ես ուրախեմ որ նորից գործի եմ գնում որովհետեվ շատեմ կարոտել իմ աշխատանքը ու իմ բոլոր ընկերներին ու թե ինչքան լավ ենք ուրախանում մենք իրար հետ:
Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի շարունակեմ գրել բայց արդեն ամեն օր պետք չի մենակ երբ ինչոր բան եմ մտածում կամ ինչոր կարեվոր բան է պատահում: Ինձ ասում է մի հուսատվիր որովհետեվ դրա համար ժամանակ է պետք ու դա դանդաղ է լինում: Ասաց որ Էլջերնոնն էլ շատ ուշ դարցավ երեք անքամ ավելի խելացի քան առաչ էր: Ուրեմն Էլջերնոնը ինձ միշտ հաղթում է որովհետեվ իրեն էլ են նույն վիրահատուցյունից արել: Ես հիմա ինձ միքիչ ավելի լավ եմ զգում: Ինձ թվում է որ եթե սովորական մուկ լիներ ես կկարողանայ այդ լաբինթոսը իրենից արագ անցնել: Կարող է նույնիսկ մի օր հաղթեմ Էլջերնոնին: Երեվի ուրախուցյունից կգժվեմ: Մինչեվ հիմա ամեն ինչ ցույց է տալիս որ Էլջերնոնը ոնցոր թե մշտական խելացի է մնալու:

Մարտի 25 — (Հիմա արդեն պետք չի վերեվում անընթատ գրել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ուղակի շափաթը մի անքամ երբ բոլորը միանքամից հանձնումեմ դոկտոր Նեմուրին: Ուղակի պիտի ամսաթիվ գրեմ: Լավ է ժամանակեմ խնայում):

Այսոր գործարանում կարքին ուրախացանք: Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ: Արդեն քիչ էր մնում ասեյ բայց հետո հիշեցի որ դոկտոր Շտրաուսը ասել էր որ չի կարելի: Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել: Ես շատ ծիծաղեցի: Իրենք իմ իսկական ընկերներն են ու սիրում են ինձ:
Մեկմեկ ինչոր մեկը ասում է հլը նաիր Ջոն կամ Ֆրենկը կամ Ջորջը իրեն լրիվ Չարլի Գորդոնի տեղն է դրել: Ես չգիտեմ թե ինչու են այդպես ասում բայց հետո միշտ ծիծաղում են: Այս առավոտ Ամոս Բորգը որ Դոնեգանսի գործարանում չորորդ մարդն է գոռում էր առաքիչ Էռնիի վրա ու իմ անունն էր տալիս: Էռնին փաթեթ էր կորցրել: Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես: Ես չհասկացա թե ինչու այդպես ասաց: Ես երբեք ոչմի փաթեթ չեմ կորցրել:

Մարտի 28 – Այսոր դոկտոր Շտրաուսը եկավ իմ սենյակ որ տեսնի թե ինչու գործից հետո իր մոտ չեմ գնացել: Ես ասացի որ էլ չեմ ուզում Էլջերնոնի հետ մրցել: Ինքը ասաց որ միվորոշ ժամանակ դեռ կարող եմ չմրցել բայց ամեն դեպքում պիտի գնամ: Ու համել ինձ նվեր էր բերել բայց ոչթե իսկական նվեր այլ ուղակի թողնում էր որ մնա մոտս: Սկզբում ինձ թվաց փոքրիկ հեռուստացույց է բայց չէ ուրիշ բան էր: Ասաց որ երբ պարկում եմ քնելու պիտի միացնեմ: Ես ասացի ձեռ եք առնում ինչու պիտի միացնեմ եթե պարկում եմ քնելու: Ով է այդպիսի բան լսել: Բայց ինքը ասաց որ եթե ուզումեմ խելացի դառնալ պիտի անեմ ինչ ասում է: Ես ասացի որ չեմ կարծում որ ես խելացի կդառնամ ու ինքը ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի դու դեռ չգիտես բայց դու հիմա ամեն վարկյան ավելի ու ավելի խելացի ես դառնում: Միվորոշ ժամանակ դու դա դեռ չես նկատի: Ինձ թվում է ինքը ուղակի ուզում էր ինձ հանգստացնել որովհետեվ ես ինձ հեչ խելացի չեմ զգում:

Հա քիչ էր մնում մոռանայ: Ես հարցրեցի թե երբ կկարողանամ հետ գնալ միսս Կինիանի դասարան: Ինքը ասաց որ էլ չեմ գնալու դպրոց: Ասաց որ շուտով միսս Կինիանը ինքը կսկսի գալ հիվանդանոց ու ինձ առանձին դաս կտա: Ես միսս Կինիանի վրա շատ էի ջղաինացած որ չեկավ ինձ տեսնի վիրահատուցյունից հետո բայց ես նրան շատեմ սիրում ու ուզումեմ էլի ընկերանանք:

Մարտի 29 — Այդ ապուշ հեռուստացույցը ամբողչ գիշեր չթողեց քնեմ: Ոնց կարողեմ քնել երբ ամբողչ գիշեր ականջիս մեչ ապուշ բաներ են գոռում: Բա խելառ նկարները: Ուֆ: Ես նույնիսկ արթուն ժամանակ բան չեմ հասկանում ուր մնաց թե քնած ժամանակ հասկանամ։

Դոկտոր Շտրաուսը ասում է որ ամեն ինչ լավ է: Ասում է որ ուղեղս շարունակում է սովորել երբ ես քնածեմ ու դա ինձ շատ կոքնի երբ միսս Կինիանը սկսի հիվանդանոցում ինձ դաս տալ (մենակ թե ես պարզել եմ որ դա ոչթե հիվանդանոց է այլ լաբատորիա): Ինձ թվում է այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Եթե կարողես քնած ժամանակ խելոքանալ ուրեմն էլ ինչու են մարդիկ դպրոց գնում: Ես չեմ կարծում որ մի բան կստացվի: Առաչ ես միշտ նայում էի ուշ երեկոի ու գիշերվա բոլոր շոուները բայց դրանից ոչմի կաթիլ ավելի խելացի չեմ դարցել: Երեվի պիտի նայելու ժամանակ քնած լինես:

Հաշվետվություն 9

Ապրիլի 3 — Դոկտոր Շտրաուսը ինձ ցույց տվեց թե ոնց հեռուստացույցի ձայնը իչեցնեմ ու հիմա գոնե կարողանումեմ քնել: Արդեն ոչմի բան չեմ լսում: Բայց մեկ է չեմ հասկանում ինչ է ասում: Մեկմեկ առավոտն էլ եմ միացնում որ իմանամ քնած ժամանակ ինչեմ սովորել ու ինձ թվում է որ ոչմի բան էլ չեմ սովորել: Միսս Կինիանն ասում է որ կարող է դա ինչոր ուրիշ լեզու է կամ ուրիշ եսիմինչ: Բայց հիմնականում ոնցոր ամերիկերեն լինի: Այնքան արագ է խոսում որ էլ չասած նույնիսկ ավելի արագ քան միսս Գոլդը: Ինքը իմ վեցերորդ դասարանի ուսուցչուին էր ու այնքան արագ էր խոսում որ բան չէի հասկանում:
Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի ում է պետք քնի մեջ խելացի դառնալը: Ես արթուն ժամանակ եմ ուզում խելացի լինեմ: Ինքը ասաց որ դրանք նույն բանն են ու որ ես երկու խելք ունեմ ենթագիտակցություն ու գիտակցություն (այսպես են ճիշտ գրվում): Ու մեկը մյուսին չի ասում թե ինքը ինչ է անում: Նույնիսկ չեն էլ խոսում իրար հետ: Դրա համար էլ երազներ եմ տեսնում: Ու էս վերչերս ինչ գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում ահավոր խառը երազներ եմ սկսել տեսնել: Հաստատ էդ ուշ ուշ ուշ ուշ ուշ գիշերվա շոուներից է:
Մոռացա հարցնեմ մենակ ես եմ թե բոլորն էլ երկու խելք ունեն:
(Միքիչ առաչ նայեցի դոկտոր Շտրաուսի տված բառարանում Ենթագիտակցություն, գ. Աղոտ՝ ոչ լիովին գիտակցված պատկերացումների՝ տրամադրությունների՝ զգացմունքների ևն տիրույթը: ) Էլի կա գրած բայց մեկ է չեմ հասկանում թե դա ինչ է նշանակում: Սա ինձ նման հիմար մարդկանց համար այնքան էլ լավ բառարան չէ:
Գլուխս երեկվանից հետո դեռ ցավում է: Գործարանի ընկերներս Ջո Կարպն ու Ֆրենք Ռեյլին ինձ հրավիրեցին Մագսիի սալուն իրար հետ խմելու: Ես խմել չեմ սիրում բայց իրենք ասացին արի արի տես ոնց ենք ուրախանալու: Ես լավ ժամանակ անցկացրեցի:

Ջո Կարպը ասաց որ ես պետք է ախչկերքին ցույց տամ թե ոնց եմ գործարանում զուքարան լվանում ու ինձ հատակի շոր տվեց: Ես ցույց տվեցի ու բոլորը շատ ծիծաղեցին երբ ասացի որ միստր Դոնեգանը ասում է որ ես իր ունեցած ամենալավ հավաքարարնեմ որովհետեվ սիրումեմ իմ գործը լավեմ աշխատում ու երբեք չեմ ուշանում կամ օր չեմ բացթողնում բացի վիրահատուցյանս օրից:
Ես ասացի որ միսս Կինիանը միշտ ասում է Չարլի հպարտ եղիր քո աշխատանքով որովհետեվ դու լավես աշխատում:
Բոլորը ծիծաղեցին ու մենք կարքին ուրախացանք ու հետո իրենք ինձ լիքը խմելու բան տվեցին ու Ջոն ասաց Չարլին էս ինչ դեմք է ճաքած ժամանակ: Ես չգիտեմ դա ինչ է նշանակում բայց բոլորը ինձ սիրում էին ու մենք ուրախ էինք: Արդեն չեմ համփերում ուզումեմ Չարլի Կարպի ու Ֆրենկ Ռեյլիի նման խելացի դառնալ: Իրենք իմ ամենալավ ընկերներն են:
Լավ չեմ հիշում երեկոն ոնց վերչացավ բայց ոնցոր թե ես դուրս եկա որ Ջոի ու Ֆրենկի համար սուրճ ու թերթ առնեմ ու երբ հետ եկա արդեն բոլորը գնացել էին: Ես մինչև ուշ գիշեր ամեն տեղ նրանց էի ման գալիս: Հետո արդեն համայրա բան չեմ հիշում բայց ինձ թվում է մի տեսակ քունս տարավ կամ հիվանդացա: Ինչոր բարի ոստիկան ինձ տուն բերեց: Տանտիրուհիս միսիս Ֆլինն էր այսոր պատմում:
Բայց մեկ է գլուխս ուժեղ ցավում է ու վրան մեծ ուռած տեղ կա ու դեմքս լրիվ սեվ ու կապույտ է: Ինձ թվում է ընկելեմ բայց Ջո Կարպն ասում է որ ոստիկանի արածը կլինի դրանք մեկմեկ հարփեցողներին ծեծում են: Ես այդպես չեմ կարծում: Միսս Կինիանը ասում է որ ոստիկանները մարդկանց օքնելու համար են: Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու:

Ապրիլի 6 — Ես Էլջերնոնին հաղթեցի՜: Նույնիսկ չգիտեի էլ որ հաղթելեմ մինչև տեստը անցկացնող Բարտը ինձ չասաց: Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա: Բայց դրանից հետո էլի ութ անքամ իրեն հաղթեցի: Ես երեվի խելոքանումեմ եթե կարողանումեմ Էլջերնոնի նման խելացի մկնիկին հաղթել: Բայց ես ինձ խելացի չեմ զգում:

Ես ուզում էի մի քիչ էլ մրցել Էլջերնոնի հետ բայց Բարտը ասաց որ մի օրվա համար հերիք է: Հետո թողեցին որ մի քիչ իրեն բռնեմ: Ինքը այնքան էլ վատը չէր: Ոնց որ բամբակի գունդ լիներ այնքան փափուկ էր: Անընթատ թարթում էր ու երբ աչքերը բացում էր սեվ էին ու եզրերը վարթագույն:

Ես հարցրեցի կարողեմ իրեն կերակրել որովհետեվ ինձ վատ էի զգում որ հաղթելեմ ու ուզում էի լավը լինել ու հետը ընկերանալ: Բարտը ասաց ոչ Էլջերնոնը շատ յուրատուկ մկնիկ է իրեն էլ են իմ վիրահատուցյունից արել ու ինքը բոլոր կենդանիներից առաչինն է ով այսքան երկար խելացի է մնացել: Ասաց որ Էլջերնոնն այնքան խելացի է որ ամեն օր պետք է տեստ լուծի որ ուտելիք ստանա: Էդ ոնցոր մի տեսակ կոխպեք լինի ուտելիքի դռան վրա ու ամեն անքամ երբ Էլջերնոնը մտնում է այդտեղ կոխպեքը փոխած են լինում այսինքն ինքը ուտելու համար պիտի ամեն անքամ նոր բան սովորի: Ես դրանից տխրեցի որովհետեվ եթե չկարողանա սովորել սոված կմնա:
Ինձ թվում է չի կարելի ինչոր մեկին ստիպել որ ուտելու համար տեստ անցնի: Դոկտոր Նեմուրի դուրը չէր գա չէ եթե ամեն անքամ երբ ուտել ուզենար տեստ անցներ: Ինձ թվում է ես ու Էլջերնոնը ընկերներ կդառնանք:

Ապրիլի 9 — Այսոր գործից հետո միսս Կինիանը եկել էր լաբորատորիա: Նա ոնց որ թե ուրախ էր ինձ տեսնելու համար բայց մի տեսակ վախեցած էր: Ես ասացի մի վախեցեք միսս Կինիան ես դեռ խելացի չեմ ու ինքը ծիծաղեց: Հետո ասաց Չարլի ես հավատում եմ որ դու կկարողանաս ոնց էիր ամբողչ ուժով փորցում մնացած բոլորից լավ կարթալ ու գրել: Վատագույն դեքում գոնե մի որոշ ժամանակով կփոխվես ու նաև կօգնես գիտությանը:

Հիմա մի շատ դժվար գիրք ենք կարթում: Ես կյանքում այսքան դժվար գիրք չեմ կարթացել: Անունը Ռոբինզոն Կրուզո է ու մի մարդու մասին է ով ընկնում է անմարդաբնակ կղզի: Ինքը խելացի է ու հազարումի բաներ է հորինում որ տուն ու ուտելիք ունենա ու համ էլ լավ լողորդ է: Ուղակի մի տեսակ մեխքս գալիս է որովհետև լրիվ մենակ է ու ոչ մի ընկեր չունի: Բայց ինձ թվում է որ կղզու վրա էլի ինչոր մեկը կա որովհետև մի նկար կա որտեղ ինքը իր ծիծաղելի հովանոցը բռնած նայում է ինչոր ոտնահետքի: Ես հույս ունեմ որ ինքը ընկեր կճարի ու մենակ չի մնա:

Ապրիլի 10 — Միսս Կինիանը ինձ ուղագրություն է սովորեցնում: Ասում է նայիր բառին աչքերդ փակիր ու այնքան կրկնիր մինչև հիշես: Ահավոր դժվար էր պառկելը որ պարկել ես ասում ու կրծելը որ կռծել ես ասում: Ես ոնց լսում էի այդպես էլ գրում էի քանի դեռ չեի սկսել խելոքանալ: Հիմա մի քիչ շփոթվածեմ բայց միսս Կինիանը ասում է որ վախենալու բան չկա ուղակի պետք է հիշել:

Հաշվետվություն 10

Ապրիլի 14 — Վերջացրեցի Ռոբինզոն Կրուզոն: Ուզումեմ իմանալ թե հետո ինչ է լինում իր հետ բայց միսս Կինիանն ասում է որ վերջ այդքանն է: Ինչու:

Ապրիլի 15 — Միսս Կինիանն ասում է որ ես արագեմ սովորում: Ինքը կարդաց իմ նախորդ հաշվետվություններից մի քանիսն ու մի տեսակ տարորինակ նայեց ինձ: Ասաց որ ես լավ մարդ եմ ու դեռ դրանց բոլորին ցույց կտամ: Ես հարցրեցի ինչու: Ինքն ասաց կարևոր չէ բայց չպետք է ինձ վատ զգամ եթե հասկանամ որ բոլորը այնքան բարի չեն ինչքան ինձ է թվում: Հետո ասաց աստված քեզ այդքան քիչ բան է տվել բայց դու ավելի շատ բանի ես հասել քան լիքը ուրիշ մարդիկ ովքեր չեն էլ փորցում իրենց ունեցած ուղեղները օգտագործել: Ես ասացի որ իմ բոլոր ընկերները խելացի են բայց լավն են: Նրանք ինձ սիրում են ու երբեք չեն նեղացնում: Հետո նրա աչքի մեջ ինչոր բան ընկավ ու նա վազեց դուրս լվացվելու:

Ապրիլի 16 — Ես այսօր, սովորեցի, ստորակետը, սա ստորակետ է (,) պոչիկով, կետիկ, միսս Կինիանը, ասում է որ, ստորակետը կարևոր է, որովհետև, ավելի ճիշտ, է, դարցնում, գրածը, ասում է, որ ինչոր, մեկը, կարող է լիքը, փող կորցնել, եթե, ստորակետը, ճիշտ, տեղում, չլինի, ես փող, ընդհանրապես չունեմ, ու չեմ հասկանում, ոնց պիտի, ստորակետը, չթողնի որ փողերտ, կորցնես:
Բայց ինքն, ասում է որ, բոլորն էլ, ստորակետներ, դնում են, ուրեմն, ես էլ, կդնեմ:

Ապրիլի 17 — Ես ստորակետը սխալ էի օգտագործում: Դա կոչվում է կետադրություն: Միսս Կինիանը ասաց որ երկար բառերը բառարանով նայեմ որ սովորեմ դրանք ճիշտ գրել: Ես ասացի ինչ օգուտ եթե պիտի նայելով գրեմ: Ինքն ասաց ոչինչ դա քո կրթության մի մասն է ու դրա համար էլ հիմա բոլոր այն բառերը որ հաստատ չգիտեմ ոնց են գրվում բառարանով նայում եմ: Այդպես շատ դանդաղ եմ գրում բայց ինձ թվում է որ հետո հիշում եմ: Ընդամենը մի անգամ նայում եմ ու դրանից հետո արդեն միշտ ճիշտ եմ գրում: Դրա համար էլ կետադրություն բառը ճիշտ եմ գրել (բառարանում այդպես է գրված): Միսս Կինիանը ասում է որ վերջակետն էլ է կետադրություն ու դեռ լիքը ուրիշ սովորելու կետադրություններ կան:
Պետք է բոլոր նշաններն էլ օգտագործել ինքը. ինձ՛ ձևը, ցույց՞ տվեց» ու հիմա՛: գրելիս( կարողա՜նում… եմ ինչ տեսակ« կետադրու՝թյուն ասե՛ս. օգտագոր՞ծել. Դեռ՞ լիքը՛ «օրենքներ, կան՜ որ) չգի-տեմ… բայց ես ամեն ինչ՝ շատ արագ-եմ սովորում:
Ամենաշատը՜ սիր՞ում եմ, որ ինչ էլ հարցնեմ» Հարգելի միսս Կինիանին (գործնական նամակներում այդպես է պետք գրել եթե հանկարծ մի օր գործնական դառնամ) ինքը միշտ՝ ամեն ինչ բացատրում… է: Նա հանճա՛ր է: Ես երազու՛մ եմ որ իր» նմա՜ն խելացի, լինեմ:

(Ինչ, հավե՜ս բան է՝ կետադրությունը»):

Ապրիլի 18 — Բայց ի՜նչ բութ եմ ես: Փաստորեն՝ նույնիսկ չէի էլ հասկանում, թե միսս Կինիանը ինչ էր ասում: Անցած գիշեր քերականության դասագիրքը լրիվ կարդացի, ու այնտեղ ամեն ինչ շատ լավ բացատրած էր: Հետո հանկարծ տեսա, որ լրիվ նույն բանն էր, ինչ ինքն էր փորձում ինձ հասկացնել, բայց իմ գլուխը չէր մտնում: Գիշերվա կեսին վեր կացա, ու գլխիս մեջ ամեն ինչ իր տեղն ընկավ:

Միսս Կինիանն ասում է, որ այդ ամենը քնածս ժամանակ աշխատող հեռուստացույցի շնորիվ է: Ասում է, որ պլատոյի եմ հասել: Պլատոն նույն բանն է, ինչ բլրի հարթ գագաթը:
Կետադրությունը հասկանալուց հետո նստեցի ու իմ բոլոր հին հաշվետվությունները սկզբից մինչև վերջ նորից կարդացի: Ո՞նց կարող էի այդքան ահավոր սխալներ անել մի ժամանակ, չեմ պատկերացնում: Միսս Կինիանին ասացի, որ ուզում եմ մի հատ նորից անցնել հին գրածներիս վրայով ու բոլոր սխալներս ուղղել, բայց ինքն ասաց. «Չէ, Չարլի, դոկտոր Նեմուրն ուզում է, որ ոնց կան, այդպես էլ մնան: Գիտե՞ս ինչու է պատճենելուց հետո բնորինակները վերադարձնում քեզ: Որ դու ինքդ տեսնես, թե ինչքան ես աճել: Դու շատ արագ փոխվում ես, Չարլի»:
Ես ինձ լավ զգացի: Դասից հետո իջա ներքև ու մի քիչ խաղացի Էլջերնոնի հետ: Մենք այլևս չենք մրցում:

Ապրիլի 20 — Ինձ ահավոր վատ եմ զգում: Ոչ թե վատ եմ զգում ու բժիշկ է պետք, այլ ոնց որ կրծքիս մեջ դատարկություն լինի, ու ինչ-որ բան ներսումս անընդհատ կծկվի ու վառվի:
Չէի ուզում այս մասին գրել, բայց կարծում եմ՝ գրել ամեն դեպքում պետք է, որովհետև սա կարևոր է: Այսօր առաջին անգամն էր, որ մնացի տանն ու գործի չգնացի:

Անցած գիշեր Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին ինձ էլի հրավիրել էին մի տեղ: Այնտեղ լիքը աղջիկներ կային ու մեր գործարանից էլի մի քանի հոգի: Ես հիշեցի, թե անցած անգամ շատ խմելուց ոնց էի վատացել, ու Ջոյին ասացի, որ խմել չեմ ուզում: Ինքը փոխարենը ինձ սովորական կոլա տվեց: Զգացի, որ մի տեսակ տարօրինակ համ ունի, բայց ինձ թվաց՝ ուղղակի բերանիս մեջ է դառնությունը:

Սկզբում լավ ուրախանում էինք: Ջոն ասաց, որ ես պիտի պարեմ Էլենի հետ, ու որ Էլենն ինձ ձևերը ցույց կտա: Ես մի քանի անգամ ընկա ու չհասկացա, թե ինչու, որովհետև ինձնից ու Էլենից բացի ուրիշ ոչ ոք չէր պարում: Ու ամեն քայլի սայթաքում էի, որովհետև ինչ-որ մեկն անընդհատ ոտքը դեմ էր տալիս:
Հետո հատակից վեր կենալիս հանկարծ տեսա Ջոի դեմքի արտահայտությունն ու ներսումս ինչ-որ տարօրինակ բան զգացի: «Էս ինչ բոց էր», ասաց աղջիկներից մեկը: Ու բոլորը ծիծաղում էին:
«Վերջին անգամ էսքան շատ երևի Մագսիի մոտ էի ծիծաղել, երբ սրան գիշերվա կեսին ուղարկեցինք թերթ առնելու ու մենք թռանք», ասաց Ֆրենկը:
«Հլը դրա դեմքին նայեք: Ոնց որ բազուկ լինի»:
«Չէ հա՜, կարմրե՜լ է: Չարլին կարմրե՜լ է»:
«Էլեն, էդ ի՞նչ ես արել մեր Չարլիին: Առաջին անգամ եմ տեսնում, որ կարմրի»:
Ես չգիտեի՝ ինչ անեմ, ուր կորչեմ: Բոլորն ինձ էին նայում ու ծիծաղում էին, ու ես ինձ մերկ էի զգում: Սիրտս խառնում էր: Ուզում էի թաքնվել ինչ-որ տեղ: Դուրս վազեցի փողոց, այնտեղ չդիմացա ու հետ տվեցի: Հետո քայլեցի տուն: Ինչպե՞ս մինչև հիմա չէի նկատել, որ Ջոն, Ֆրենկն ու մյուսները սիրում էին ինձ իրենց հետ քարշ տալ, որովհետև ծիծաղում էին վրաս:

Հիմա արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել»:
Ամաչում եմ:

Հաշվետվություն 11

Ապրիլի 21— Այսօր էլ գործարան չգնացի: Խնդրեցի, որ տանտիրուհիս՝ միսիս Ֆլիննը, զանգի միստր Դոնեգանին ու ասի, որ հիվանդ եմ: Միսիս Ֆլիննը վերջերս ինչ-որ շատ տարօրինակ է ինձ նայում, կարծես մի տեսակ վախենում է ինձնից:
Ինձ թվում է՝ լավ էր, որ իմացա, թե ինչպես էին բոլորը վրաս ծիծաղում: Հիմա անընդհատ այդ մասին եմ մտածում: Պատճառն այն է, որ ես այնքան հիմար եմ, որ նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչ հիմարություններ եմ անում: Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:
Ամեն դեպքում՝ հիմա հաստատ գիտեմ, որ օր օրի ավելի եմ խելոքանում: Արդեն կետադական սխալներ չեմ անում ու կարողանում եմ ճիշտ գրել: Ինձ դուր է գալիս բարդ բառերը բառարանում նայելն ու հիշելը: Հիմա շատ եմ կարդում, ու միսս Կինիանն ասում է, որ շատ արագ եմ կարդում: Երբեմն նույնիսկ հասկանում եմ, թե ինչ եմ կարդում, ու մտապահում եմ ամեն ինչ: Պատահում է, որ աչքերս փակում եմ ու մտածում եմ ինչ-որ էջի մասին, ու դա նկարի նման հայտնվում է աչքիս առաջ:

Միսիս Կինիանն ասում է, որ բացի պատմությունից, աշխարհագրությունից ու հանրահաշվից՝ ես պիտի սկսեմ օտար լեզուներ էլ սովորել: Դոկտոր Շտրաուսը մի երկու նոր ձայներիզ է տվել, որ քնած ժամանակ միացնեմ: Մինչև հիմա դեռ չեմ հասկանում, թե գիտակցությունն ու ենթագիտակցությունը ոնց են աշխատում, բայց դոկտոր Շտրաուսն ասում է, որ անհանգստանալու կարիք չկա: Ինձ խնդրեց, որ երբ մյուս շաբաթ սկսեմ քոլեջի դասընթացով անցնել, հոգեբանության մասին ոչ մի գիրք չկարդամ (քանի դեռ ինքը թույլ չի տվել):
Այսօր ինձ արդեն ահագին ավելի լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ դեռ մի քիչ ջղայնացած եմ, որ մարդիկ ինձ անընդհատ ձեռ էին առնում, որովհետև այնքան էլ խելացի չէի: Երբ դոկտոր Շտրաուսի ասածի չափ խելոքանամ, ու իմ IQ 68-ը երեք անգամ ավելանա, ո՞վ գիտի, գուցե կդառնամ բոլորի նման, ու մարդիկ ինձ կսիրեն ու հետս կընկերանան:
Ափսոս՝ հաստատ չգիտեմ՝ IQ-ն ինչ է: Դոկտոր Նեմուրն ասաց, որ դրանով չափում են քո մտավոր ունակությունների մակարդակը, ոնց որ, օրինակ, դեղատանը կշեռքով դեղ են կշռում: Բայց դոկտոր Շտրաուսը շատ կոպիտ հակաճառեց ու ասաց, որ IQ-ն հեչ էլ խելացիությունը չափելու համար չէ: Ասաց, որ IQ-ն ցույց է տալիս, թե դու ինչքան խելացի կարող ես դառնալ, ոնց որ չափող բաժակի վրայի գծերն ու թվերը: Բաժակը դեռ լցնել է պետք:

Հետո, երբ հարցրեցի Բարտին (ինքն ինձ խելացիության տեստեր է տալիս ու աշխատում է Էլջերնոնի հետ), Բարտն ասաց, որ նրանք երկուսն էլ սխալ են (ուղղակի խնդրեց խոստանալ, որ իրենց չեմ պատմի, թե ինքն ինչ է ասել): Բարտն ասաց, որ IQ-ն հազար ու մի տարբեր բաներ է չափում՝ ներառյալ արդեն սովորածդ բաների մի մասը, ու որ, մեր մեջ ասած, էդ IQ-ն ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ:

Մի խոսքով՝ ես դեռ չգիտեմ, թե IQ-ն ինչ է, բացի նրանից, որ իմը շուտով 200-ից բարձր է լինելու: Չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց ամեն դեպքում՝ չեմ հասկանում. ո՞նց պիտի իմանան, թե ես դրանից ինչքան ունեմ, երբ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է կամ որտեղ է:

Դոկտոր Նեմուրն ասում է, որ վաղը պիտի Ռորշախի տեստ անցնեմ: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ է:

Ապրիլի 22 — Պարզեցի, թե Ռորշախն ինչ է: Փաստորեն՝ նույն տեստն էր, որ վիրահատությունից առաջ էի անցել՝ քարտերն ու թանաքի բծերը: Տեստ տվողն էլ էր նույն մարդը:

Ես ահավոր վախեցած էի այդ թանաքաբծերից: Արդեն գիտեի, որ ինձ էլի ասելու է՝ նկարներ գտնեմ, ու նաև գիտեի, որ չեմ կարողանալու: Անընդհատ մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե ինչ-որ կերպ իմանայի՝ գոնե ինչ տեսակ նկարներ են այդտեղ թաքցրած: Իսկ գուցե ոչ մի նկար էլ չկա՞: Գուցե ուղղակի խաբու՞մ են ինձ, որ ստուգեն՝ արդյո՞ք ես իսկականից այնքան բութ եմ, որ չեղած բաներ եմ փնտրում: Հենց միայն այդ միտքը հերիք էր, որ սկսեի վրան ջղայնանալ:
«Դե լավ, Չարլի», ասաց նա, «հիշում ես, չէ՞. առաջ էլ ես այս քարտերը տեսել»:
«Իհարկե հիշում եմ»:
Ինքն իմ ասելու ձևից հասկացավ, որ բարկացած եմ, ու ոնց որ թե զարմացավ: «Այո, իհարկե: Հիմա նայիր այս մեկին: Քո կարծիքով՝ սա ի՞նչ կարող է լինել: Ի՞նչ ես տեսնում քարտի վրա: Մարդիկ այս թանաքաբծերի մեջ ամենատարբեր բաներ են տեսնում: Ասա, թե քեզ համար սա ինչի է նման կամ ինչի մասին է ստիպում մտածել»:

Ես շշմեցի: Սպասում էի, որ լրիվ ուրիշ բան պիտի ասեր: «Ուզում եք ասել, որ այս թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ չկա՞ն»:
Ինքը հոնքերը կիտեց ու ակնոցը հանեց. «Ի՞նչ»:
«Նկարներ: Թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ: Անցած անգամ ասացիք, որ բոլորը կարողանում են դրանք տեսնել, ու ուզում էիք, որ ես էլ գտեմ»:

Ինքն ինձ բացատրեց, որ անցած անգամ բառացիորեն համարյա նույն բանն է ասել, ինչ հիմա: Չհավատացի, ու մինչև հիմա էլ կասկածում եմ, որ այն անգամ ուղղակի դիտմամբ խաբել է ինձ, որ վրաս ծիծաղի: Չնայած… Արդեն վստահ չեմ: Մի՞թե իրոք այդքան հիմար եմ եղել:

Մենք առանց շտապելու նայեցինք բոլոր քարտերը: Մեկը ոնց որ իրարից ինչ-որ բան խլող չղջիկներ լիներ: Մյուսը նման էր սուսերամարտող տղամարդկանց: Ինչ ասես, որ չպատկերացրեցի. երևի մի քիչ շատ էի տարվել: Բայց մեկ է՝ իրեն չէի վստահում, ու անընդհատ շրջում էի քարտերն ու նույնիսկ հետևներն էի նայում, որ տեսնեմ՝ ինչ-որ բան բա՞ց եմ թողել, թե՞ ոչ: Երբ իր ծոցատետրում նշումներ էր անում, մի պահ աչքի պոչով նայեցի, ուզում էի կարդալ: Բայց բան չհասկացա. երևի ծածկագրով էր գրում. WF+A DdF-Ad orig. WF-A SF+obj
Ինչ որ է՝ տեստի իմաստը դեռ չեմ հասկանում: Ինձ թվում է, որ բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել: Ի՞նչ գիտեր, որ հենց իրեն հիմարի տեղ չէի դնում՝ այնպիսի բաներ ասելով, որ իրականում չէի պատկերացնում: Գուցե մի քիչ ավելի շատ բան հասկանամ, երբ դոկտոր Շտրաուսն ինձ թույլ տա հոգեբանության մասին գրքեր կարդալ:

Ապրիլի 25 — Գործարանում հաստոցները շարելու նոր ձև եմ մտածել: Միստր Դոնեգանն ասաց, որ ինքն այդպես տարեկան տասը հազար դոլար կխնայի ու ավելի շատ արտադրանք կտա, ու ինձ քսանհինգ դոլար նվիրեց:

Ուզում էի նշելու համար Ջո Կարպին ու Ֆրենկ Ռեյլիին ճաշի հրավիրել, բայց Ջոն ասաց, որ պիտի կնոջ համար ինչ-որ բան առնի, իսկ Ֆրենկը՝ որ արդեն քեռու աղջկա հետ է պայմանավորված: Կարծում եմ՝ դեռ մի քիչ էլ է ժամանակ պետք, որ վարժվեն իմ փոփոխություններին: Բոլորը ոնց որ ինձնից վախեցած լինեն: Երբ մոտեցա Ամոս Բորգին ու ձեռքս ուսին դրեցի, բառացիորեն օդ թռավ:
Մարդիկ հետս էլ համարյա չեն խոսում կամ նույնիսկ չեն էլ կատակում, ոնց որ առաջ: Ինձ մի տեսակ մենակ եմ զգում գործի տեղը:

Ապրիլի 27 — Այսօր ամբողջ քաջությունս հավաքեցի ու միսս Կինիանին հրավիրեցի վաղը երեկոյան ընթրելու ու բոնուսս նշելու:
Սկզբում ինքն այնքան էլ համոզված չէր, որ ճիշտ բան ենք անում, բայց հետո հարցրեցի դոկտոր Շտրաուսին ու նա ասաց, որ կարելի է: Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ոնց որ թե այնքան էլ լեզու չեն գտնում իրար հետ: Անընդհատ վիճում են: Երբ այս երեկո գնում էի դոկտոր Շտրաուսից հարցնելու ընթրիքի մասին, լսեցի, թե ոնց են իրար վրա գոռում: Դոկտոր Նեմուրը պնդում էր, որ սա իր գիտափորձն է ու իրուսումնասիրությունը, իսկ դոկտոր Շտրաուսը հակաճառում էր, որ ինքն էլ պակաս գործ չի արել, որովհետև ինքն է միսս Կինիանի միջոցով ինձ գտել ու ինքն էլ ինձ վիրահատել է: Դոկտոր Շտրաուսն ասաց, որ մի օր ամբողջ աշխարհում հազարավոր նյարդավիրաբույժներ հենց իր տեխնիկան են օգտագործելու:

Դոկտոր Նեմուրն ուզում է ամսվա վերջում արդեն հրապարակել գիտափորձի արդյունքները: Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ դեռ մի քիչ էլ է պետք սպասել: Նա հայտարարեց, որ դոկտոր Նեմուրին Պրինսթոնի հոգեբանության ամբիոնն ավելի շատ է հետաքրքրում, քան հենց բուն գիտափորձը: Իսկ դոկտոր Նեմուրն ասաց, որ դոկտոր Շտրաուսը սովորական պատեհապաշտի մեկն է, ով փորձում է իր վզին նստած փառքի հասնել:
Երբ դուրս եկա, զգացի, որ դողում եմ: Հիմա հաստատ չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի զգում էի, որ կյանքում առաջին անգամ կարողացել էի երկուսին էլ պարզ տեսնել: Հիշում եմ, թե ոնց էր Բարտն ասում, որ դոկտոր Նեմուրի կինն իսկական ջադու է ու ամուսնուն անընդհատ խեղդում է, որ ինչ-որ բան հրապարակի ու հայտնի դառնա։ Բարտն ասաց, որ նա ամբողջ կյանքում երազել է հռչակավոր ամուսին ունենալու մասին:

Մի՞թե դոկտոր Շտրաուսն իրոք ուզում է ուրիշի վզին նստած փառքի հասնել:

Ապրիլի 28 — Չեմ հասկանում՝ ինչպես մինչև հիմա չէի նկատել, թե ինչքա՜ն գեղեցիկ է միսս Կինիանը: Նա շագանակագույն աչքեր ու փափուկ, շագանակագույն մազեր ունի: Ու ընդամենը երեսունչորս տարեկան է: Հիմա նոր եմ գլխի ընկնում, որ ամենասկզբում ինձ թվում էր, թե նա ինչ-որ անհասանելի հանճար է ու որ, մանավանդ, շատ, շատ, շա՜տ ծեր է: Իսկ հիմա ամեն տեսնելուցս կարծես ավելի ու ավելի է ջահելանում ու սիրունանում:

Մենք ընթրեցինք ու երկար խոսեցինք: Երբ ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի:
«Ճիշտ եմ ասում, Չարլի: Դու արդեն ինձնից լավ ես կարդում: Մի հայացքով ամբողջ էջը կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում եմ ընդամենը մի երկու տող ընկալել: Ու ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ: Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»:

«Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Դեռ լիքը բաներ կան, որ չեմ հասկանում»:
Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի: «Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես: Դու հիմա մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն հասցնում: Հենց դա է ամենաապշեցուցիչը: Դու հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ… Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել: Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր բնագավառներն ինչպես են իրար հետ կապված: Աստիճանները շատ են, Չարլի, ու ամեն հաջորդ աստիճանը քեզ ասես ավելի ու ավելի վերև է բարձրացնելու, ու դու ավելի ու ավելի խորն ես տեսնելու քեզ շրջապատող աշխարհը: Ես հիմա ի վիճակի եմ դրա ընդամենը մի փոքրիկ կտորը տեսնելու, ու վախենամ՝ էլ շատ չեմ բարձրանա, բայց դու շարունակելու ես մագլցել վերև ու վերև, ու ամեն մի քայլդ քեզ համար մի նոր աշխարհ է բացելու, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում»: Նա մռայլվեց: «Ու Աստված տա… Աստված տա, որ…»
«Ի՞նչ»:
«Ոչինչ, Չարլի: Ուղղակի Աստված տա՝ սխալված չլինեմ, որ քեզ խորհուրդ տվեցի մասնակցել այս ամեն ինչին»:
Ես ծիծաղեցի: «Ո՞նց կարող եք սխալված լինել: Ախր ամեն ինչ ստացվեց, չէ՞: Նույնիսկ Էլջերնոնն է դեռ խելացի»:
Մի որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք: Միսս Կինիանը նայում էր, թե ինչպես եմ խաղում նապաստակի ոտքիս ու բանալիներիս կապոցի հետ, ու ես գիտեի, թե նա ինչ է մտածում: Ես չէի ուզում մտածել այդ տարբերակի մասին, ինչպես ծեր մարդը չէր ուզի մահվան մասին մտածել: Ես գիտեի, որ սա դեռ սկիզբն է: Ես գիտեի, թե նա ինչ նկատի ուներ, երբ խոսում էր աստիճանների մասին, որովհետև արդեն տեսել էի դրանցից մի քանիսը: Ու նրան իմ հետևում թողնելու միտքը սարսափելի տխրեցնում էր ինձ:
Ես սիրահարված եմ միսս Կինիանին:

Հաշվետվություն 12

Ապրիլի 30 — Գործից դուրս եկա. այլևս չեմ աշխատում Դոնեգանի պլաստմասսայե տուփերի գործարանում: Միստր Դոնեգանն ասաց, որ բոլորի համար էլ լավ կլինի, եթե ես գնամ:

Ախր ի՞նչ եմ արել, ինչու՞ են բոլորն ինձ այսքան ատում։
Այդ մասին առաջին անգամ իմացա, երբ միստր Դոնեգանն ինձ ցույց տվեց խնդրագիրը: Ութ հարյուր քառասուն անուն: Ստորագրել էին գործարանի բոլոր աշխատողները՝ բացի Ֆաննի Գիրդենից: Ցուցակը կարդալը վայրկյանների հարց էր. միանգամից տեսա, որ միայն նրա անունն է պակաս: Մնացած բոլորը պահանջում էին, որ ինձ աշխատանքից ազատեն:

Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին չուզեցին հետս այդ մասին խոսել: Ոչ ոք չուզեց՝ բացի Ֆաննիից: Ֆաննին իմ իմացած այն հատուկենտ մարդկանցից է, ովքեր համոզմունքներ ունեն ու հավատում են դրանց՝ անկախ այն բանից, թե ամբողջ աշխարհն ինչ է ապացուցում, պնդում կամ անում: Ու նա չէր կարծում, թե ինձ պետք է աշխատանքից ազատել: Ֆաննին սկզբունքորեն դեմ էր կանգնել խնդրագրին ու չնայած բոլոր ճնշումերին ու սպառնալիքներին՝ ոչ մի քայլ չէր զիջել:

«Բայց էս չի նշանակում», նկատեց նա, «որ ես չեմ տեսնում, որ քեզ հետ ինչ-որ ահավոր տարօրինակ բան է կատարվում, Չարլի: Էդ քո փոփոխությունների հետ եմ, էլի: Եսիմ, չգիտեմ: Դու մի ժամանակ բարի, վստահելի, հասարակ մարդ էիր. հա, երևի էնքան էլ խելացի չէիր, բայց գոնե ազնիվ էիր: Ով իմանա՝ հետդ ինչ ես արել, որ մեկ էլ հանկարծ էսքան խելոքացել ես: Մենակ ես չեմ, Չարլի, բոլորն են ասում. էստեղ ինչ-որ բան էն չի»:

«Ի՞նչ ես խոսում, Ֆաննի: Ի՞նչը էն չի, երբ մարդ խելացի է դառնում կամ ուզում է հասկանալ ու ճանաչել իրեն շրջապատող աշխահը»:
Ֆաննին առանց պատասխանելու նորից անցավ գործի: Շրջվեցի, որ դուրս գամ, երբ առանց ինձ նայելու ասաց. «Սխալ էր, երբ Եվան լսեց օձին ու կերավ իմաստության ծառի պտուղը: Սխալ էր, երբ տեսավ, որ մերկ է: Եթե էդ ամեն ինչը չլիներ, հիմա մենք ոչ կծերանայինք, ոչ կհիվանդանայինք, ոչ էլ կմեռնեինք»:

Հիմա հերթական անգամ զգում եմ, թե ոնց եմ ամոթից վառվում: Իմ այս նոր խելացիությունը սեպ է խրել իմ ու այն բոլոր մարդկանց միջև, ում մի ժամանակ ճանաչում ու սիրում էի: Առաջ ծաղրում ու արհամարում էին ինձ, որովհետև հիմար ու բութ էի. հիմա ատում են, որովհետև խելացի եմ ու խորաթափանց: Աստված իմ, ախր ի՞նչ են ուզում ինձնից:

Ինձ գործարանից դուրս շպրտեցին: Հիմա ավելի մենակ եմ, քան երբևէ:

Մայիսի 15 — Դոկտոր Շտրաուսը շատ է բարկացել, որ երկու շաբաթ է՝ ոչ մի հաշվետվություն չեմ գրում: Ինչ-որ իմաստով նա ճիշտ է, որովհետև լաբորատորիան հիմա ինձ կանոնավոր աշխատավարձ է վճարում: Ասացի, որ շատ զբաղված էի՝ անընդհատ կարդում էի ու մտածում: Երբ նկատեցի, որ գրելն այնքան դանդաղ գործ է, որ նյարդայնանում եմ, խորհուրդ տվեց, որ սովորեմ գրամեքենայով տպել: Հիմա գրելն արդեն շատ ավելի հեշտ է, որովհետև կարողանում եմ րոպեում մոտ յոթանասունհինգ բառ արագությամբ տպել: Դոկտոր Շրաուսն անդադար հիշեցնում է, որ պարզ խոսեմ ու գրեմ, որպեսզի ուրիշները կարողանան ինձ հասկանալ:

Փորձեմ շարադրել նախորդ երկու շաբաթում տեղի ունեցածը: Անցած երեքշաբթի ինձ ու Էլջերնոնին ներկայացրեցին Ամերիկայի հոգեբանների ասոցիացիայի ու Համաշարհային հոգեբանական ասոցիացիայի համատեղ նիստի ժամանակ: Մենք խոշոր սենսացիայի պատճառ դարձանք: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը շատ հպարտ էին:
Կասկածում եմ, որ դոկտոր Նեմուրը, ով վաթսուն տարեկան է (տասը տարով ավելի մեծ, քան դոկտոր Շտրաուսը), ցանկանում է արդեն իսկ վայելել իր աշխատանքի պտուղները: Պատճառը, անկասկած, տիկին Նեմուրի կողմից ճնշումներն են:

Հակառակ նախկինում ձևավորած տպավորությանս՝ հիմա հասկանում եմ, որ դոկտոր Նեմուրը բնավ էլ հանճար չէ: Նա հրաշալի ու սուր միտք ունի, սակայն սեփական ուժերի հանդեպ անվստահությունը թույլ չի տալիս, որ լիովին օգտագործի իր ընդունակությունները: Նա ուզում է, որ մարդիկ իրեն հանճար համարեն, և այդ պատճառով էլ նրա համար խիստ կարևոր է, որ աշխարհը ճանաչի և ընդունի իր աշխատանքը: Կարծում եմ՝ դոկտոր Նեմուրը վախենում էր արդյունքների հրապարակումը հետաձգելուց՝ անհանգստանալով, որ ուրիշ ինչ-որ մեկը կարող է նման հայտնագործություն անել ու զրկել իրեն այդ պատվից:

Դոկտոր Շտրաուսին, ընդհակառակը, կարելի է հանճար համարել, չնայած զգում եմ, որ նրա գիտելիքների դաշտը խիստ սահմանափակ է: Նա սովորել է նեղ մասնագիտական կրթության ավանդույթներով՝ անհարկի անտեսելով առավել լայն գիտելիքների ասպեկտները: Իսկ դա աններելի է անգամ նյարդավիրաբույժի համար:
Ապշեցի, երբ իմացա, որ բոլոր մեռած լեզուներից ընդամենը լատիներեն, հունարեն ու եբրայերեն է կարողանում կարդալ, ու որ գրեթե ոչ մի բան չի հասկանում մաթեմատիկայից, եթե բացառենք տարրական վարիատիվ հաշվարկները: Երբ խոստովանեց այդ մասին, հիասթափություն զգացի: Ասես մինչ այդ պահը գաղտնի պահած լիներ իր անհատականության այդ կողմը՝ ցանականալով մոլորեցնել ինձ և փորձելով ձևացնել, թե (ինչը, ինչպես նկատում եմ, շատերին է հատուկ) ինքն այն չէ, ինչ իրականում: Իմ ճանաչած մարդկանցից և ոչ ոք այն չէ, ինչ թվում է:

Դոկտոր Նեմուրն իրեն ակնհայտորեն անհարմար է զգում իմ կողքին: Երբեմն, երբ փորձում եմ հետը խոսել, ուղղակի տարօրինակ հայացքով ինձ է նայում ու շրջվում է: Սկզբում շատ բարկացա, երբ դոկոր Շտրաուսն ասաց, որ իմ ներկայությունը դոկտոր Նեմուրի մեջ թերարժեքության բարդույթ է առաջացնում: Ինձ թվաց՝ ծաղրում է, իսկ ես չափազանց ծանր եմ տանում, երբ վրաս ծիծաղում են:
Ինչպե՞ս կարող էի իմանալ, որ Նեմուրի նման պատվավոր հոգեբան-էքսպերիմենտատորը ո՛չ հնդկերեն գիտի, ո՛չ էլ չինարեն: Չէ՞ որ դա պարզապես անհեթեթություն է, մանավանդ եթե հաշվի առնենք, թե Հնդկաստանն ու Չինաստանն այսօր ինչ ահռելի աշխատանք են կատարում հենց իր բնագավառում:

Հարցրեցի դոկտոր Շտրաուսին, թե ինչպե՞ս պիտի Նեմուրը պատասխանի իր մեթոդներն ու արդյունքները խստագույնս քննադատող Ռահաջամատիին, եթե անգամ դրանք կարդալ չի կարող: Դոկտոր Շտրաուսի դեմքին հայտնված տարօրինակ արտահայտությունը կարող էր միայն երկու բան նշանակել. կա՛մ նա ինքը չի ուզում Նեմուրին հայտնել, թե ինչ են ասում Հնդկաստանում, կա՛մ էլ (և դա ինձ ամենաշատն է անհանգստացնում) դոկտոր Շտրաուսը նույնպես ոչ մի բանից տեղյակ չէ: Հարկավոր է շատ զգույշ լինել: Թերևս ստիպված լինեմ պարզ գրել ու խոսել, որպեսզի մարդիկ չծիծաղեն վրաս:

Մայիսի 18 — Խիստ անհանգստացած եմ: Անցած գիշեր շաբաթվա մեջ առաջին անգամ հանդիպեցի միսս Կինիանին: Եվ չնայած փորձում էի խուսափել ցանկացած ինտելեկտուալ քննարկումներից և աշխատում էի խոսակցությունը պահել առօրյա-հասարակ շրջանակներում, նա պարզապես շփոթված նայեց վրաս ու հարցրեց, թե ի՞նչ նկատի ունեմ, երբ հարցնում եմ Դորբերմաննի «Հինգերորդ կոնցերտի» մաթեմատիկական վարիատիվ համարժեքի մասին:

Երբ փորձեցի բացատրել, ինձ ընդհատեց ու սկսեց ծիծաղել: Իհարկե՝ մի քիչ բարկացա, բայց ենթադրում եմ, որ պարզապես սխալ մակարդակի խոսակցություն էի սկսել: Անկախ այն բանից, թե ինչ եմ փորձում հետը քննարկել, մենք իրար չենք հասկանում: Ստիպված եմ ևս մեկ անգամ վերանայել սեմանտիկ պրոգրեսիայի մակարդակների մասին Վրոստադի հավասարումները: Նկատում եմ, որ այլևս գրեթե չեմ կարողնում հաղորդակցվել մարդկանց հետ: Փառք Աստծու, որ գոնե կան գրքերը, երաժշտությունն ու այն խնդիրները, որոնց մասին կարող եմ մտածել: Հիմա համարյա միշտ մենակ եմ միսս Ֆլիննի վարձու բնակարանում և հազարից մեկ եմ խոսում ինչ-որ մեկի հետ:

Մայիսի 20 — Եթե փողոցի անկյունի բիստրոյում, որտեղ սովորաբար ընթրում եմ, սպասքը չկոտրվեր, գուցե երբեք էլ չնկատեի նոր աման լվացողին՝ մոտ տասնվեց տարեկան մի տղայի:
Ափսեները շրխկացին հատակին ու փշուր-փշուր եղան՝ ճենապակու բեկորներ շաղ տալով սեղանների տակ: Տղան, շփոթված ու վախեցած, մնաց տեղում քարացած՝ դատարկ սկուտեղը ձեռքին: Հաճախորդների սուլեցներն ու ծաղրը («էս ի՜նչ թքել թքիր», «աչքդ լու՜յս» ու «դու էլ մնացիր առանց գործ, էլի». գոռոցներ, որ անխուսափելիորեն ուղեկցում են հասարակական վայրերում ջարդվող ցանկացած բաժակի ու ափսեի) ասես էլ ավելի շփոթեցրին նրան:
Երբ բիստրոյի տերը եկավ տեսնելու, թե ինչ աղմուկ է, տղան ամբողջ մարմնով կծկվեց՝ ասես սպասում էր, որ իրեն պիտի խփեն, ու բարձրացրեց ձեռքերը՝ փորձելով պաշտպանվել հարվածից:
«Հա լա՜վ: Հա լա՜վ, հաստագլուխի մեկը», գոռաց տերը, «Գնա ավելը բեր ու էս զիբիլը մաքրիր: Ավե՛լը: Ասում եմ՝ ավե՛լը բեր, ապու՛շ կենդանի, խոհանոցի՛ց: Ոչ մի հատիկ չմնա»:
Տղան հասկացավ, որ իրեն չեն պատժելու: Վախի արտահայտությունը չքացավ դեմքից, ու երբ ավելը ձեռքին վերադարձավ՝ արդեն ժպտում էր ու քթի տակ ինչ-որ բան էր երգում: Մարդիկ լռեցին, բայց հաճախորդներից մի քանիսը շարունակում էին ծիծաղել ու ծաղրել նրան.
«Հետևդ նայիր, ջահել ջան, ա՜յ էնտեղ էլ ես մի հատ ընտիր կտոր թողել»:
«Ապրե՜ս, դե մի հատ է՜լ, ավելի՜ աշխույժ»:
«Դե լավ, էդքան էլ բութ չի: Ջարդելը հաստատ ավելի հեշտ է, քան լվալը»:
Տղայի դատարկ հայացքը սահում էր մի զվարճացող հանդիսատեսից մյուսի վրա, դեմքին աստիճանաբար արտացոլվում էին մարդկանց քմծիծաղները, և ի վերջո՝ խեղճ-խեղճ ժպտաց մի կատակի վրա, որ ամենայն հավանականությամբ՝ նույնիսկ չէր էլ հասկացել:
Տեսնելով այդ բութ, ոչինչ չարտահայտող ժպիտն ու մանկական լայն բացված աչքերը, որտեղ անվստահությունը միախառնված էր հաճոյանալու պատրաստակամության հետ, կրծքումս հանկարծ ինչ-որ այրող ցավ զգացի: Մարդիկ ծիծաղում էին տղայի վրա, որովհետև նա մտավոր հետամնաց էր:
Ու ես էլ էի ծիծաղում նրանց հետ:
Ներսումս հանկարծ մի կատաղի զայրույթ բռնկվեց իմ ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ծաղրում էին տղային: Ես վեր թռա ու գոռացի. «Ձայններդ կտրե՛ք: Հանգի՛ստ թողեք տղային: Ինքը մեղավոր չէ՛, որ ոչինչ չի հասկանում: Ինքը չի՛ կարող փոխվել: Բայց Աստծու սիրուն, ախր ինքն է՛լ է մարդ»:
Սրահում լռություն տիրեց: Ես մտքումս անիծեցի ինձ՝ ինքնատիրապետումս կորցնելու ու տեսարան սարքելու համար: Աշխատելով չնայել տղային՝ փակեցի հաշիվն ու առանց ընթիքիս դիպչելու՝ դուրս եկա: Ես ամաչում էի երկուսիս համար էլ:

Ինչու՞ են այն ազնիվ ու զգայուն մարդիկ, ովքեր երբեք չեն նեղացնի առանց ձեռքերի, ոտքերի կամ աչքերի ծնված հաշմանդամին… Ինչու՞ են այդ նույն մարդիկ առանց մտածելու նեղացնում թույլ մտավոր ունակություններով ծնվածին: Ինձ կատաղության էր հասցնում այն միտքը, որ ոչ այնքան վաղուց ես էլ էի այդ տղայի նման առանց հասկանալու դառնում ամբոխի ծաղրածուն:

Իսկ ես գրեթե մոռացել էի այդ մասին:
Ես թաքցրել էի հին Չարլի Գորդոնի պատկերն ինքս ինձնից: Ինձ թվում էր, թե խելացի դառնալով՝ պիտի կարողանամ մտքիցս ջնջել անցյալը: Բայց այսօր, նայելով այդ տղային, առաջին անգամ տեսա, թե ով էի ես իրականում: Ես լրիվ նույնն էի:
Այնքան քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ հասկացա, որ մարդիկ ծաղրում էին ինձ: Իսկ հիմա տեսնում եմ, որ անգիտակցաբար ես էլ եմ արդեն կանգնած նրանց կողքին ու ծիծաղում եմ ինքս ինձ վրա: Ու հենց դա է ամենացավոտը։
Հիմա հաճախ եմ վերընթերցում հին հաշվետվություններս ու տեսնում եմ անգրագիտությունս, մանկական պարզամտությունս, թույլ, ընկճված միտքս, որ ասես մութ սենյակում փակված՝ բանալու անցքից կարոտով նայում է դրսում շողացող կուրացուցիչ լույսին: Տեսնում եմ, որ այդքան թանձրամիտ լինելով հանդերձ՝ գիտակցում էի սեփական անլիարժեքությունս, հասկանում էի, որ մյուսներն ինչ-որ բան ունեն, որից ես զուրկ եմ, որ անհասանելի է ինձ: Իմ մտավոր կուրության մեջ ես կարծում էի, թե դա ինչ-որ կերպ կապված է կարդալ ու գրել իմանալու հետ, և համոզված էի, որ եթե տիրապետեմ այդ ունակություններին, ինքստինքյան խելացի կդառնամ:

Նույնիսկ թուլամիտն է ուզում մյուս մարդկանց նման լինել:
Երեխան կարող է չիմանալ՝ ինչպես սնվել կամ ինչ ուտել, բայց նա գիտի, թե ինչ է քաղցը:
Մինչ այժմ ես չգիտեի, թե իրականում ինչպիսին էի այն ժամանակ: Չգիտեի՝ չնայած ունեցածս ամբողջ խորաթափանցությանն ու տրամաբանությանը։

Այս օրը շատ կարևոր էր ինձ համար: Ավելի հստակ տեսնելով անցյալը՝ ես վճռեցի իմ գիտելիքներն ու ունակությունները ծառայեցնել մարդկանց ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու գործին: Ո՞վ է ավելի լավ պատրաստված այդ աշխատանքի համար: Ուրիշ ո՞վ է ապրել երկու աշխարհներում էլ: Ես ուղղակի պարտավոր եմ օգտագործել իմ շնորհն ու ինչ-որ բան անել բախտակիցներիս համար:

Վաղն ևեթ դոկտոր Շտրաուսի հետ կքննարկեմ մեր համատեղ աշխատանքի հարցը: Գուցե կարողանանք միասին բացահայտել, թե ինչպես կարելի է լայնորեն կիրառել այն վիրահատությունը, որ առաջին անգամ փորձարկեցին ինձ վրա: Արդեն նույնիսկ որոշ լուծումներ գտել եմ:

Ախր այնքա՜ն շատ բան է կարելի անել: Եթե ինձ կարողացան հանճար դարձնել, ապա ինչու՞ չի կարելի նույնն անել ինձ նման հազարավոր ուրիշներ հետ: Իսկ ի՜նչ ֆանտաստիկ մակարդակների կարելի է հասնել՝ վիրահատելով սովորական մարդկանց: Իսկ հանճարների՞ն:
Դեռ ինչքա՜ն փակ դռներ կան: Անհամբերությունից վառվում եմ:

Հաշվետվություն 13

Մայիսի 23 — Դա տեղի ունեցավ այսօր: Էլջերնոնը կծեց ինձ: Ես սովորականի նման գնացել էի լաբորատորիա՝ նրան այցելելու, ու երբ վանդակից հանեցի, ատամները խրեց ձեռքիս մեջ: Նորից հետ դրեցի Էլջերնոնին ու մի որոշ ժամանակ հետևում էի: Տարօրինակորեն անհանգիստ էր ու չարացած:

Մայիսի 24 — Բարտը, որ նաև զբաղվում է լաբորատորիայի կենդանիներին խնամելով, ասաց, որ Էլջերնոնը փոխվում է: Ավելի ու ավելի անմարդամոտ է դառնում, հրաժարվում է լաբիրինթոսն անցնելուց, մոտիվացված չէ: Ու չի ուտում: Բոլորն անհանգիստ են, թե դա ինչ կարող է նշանակել:

Մայիսի 25 — Էլջերնոնին արդեն կերակրում են, որովհետև հրաժարվում է փոխվող կողպեքի խնդիրը լուծելուց: Մարդիկ ինձ նույնացնում են Էլջերնոնի հետ: Ինչ-որ իմաստով մենք երկուսս էլ մեր տեսակի մեջ առաջինն ենք: Բոլորը ձևացնում են, թե պարտադիր չէ, որ էլջերնոնի վարքն ինձ հետ կապված ինչ-որ բան նշանակի: Սակայն դժվար է թաքցնել այն փաստը, որ գիտափորձի համար օգտագործված կենդանիների մի մասը նույնպես սկսել է իրեն տարօրինակ պահել:

Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը խնդրեցին, որ այլևս լաբորատորիա չգնամ: Գիտեմ, թե ինչ են մտածում, բայց չեմ կարող համաձայնել: Ես դեռ չեմ հրաժարվել նրանց ուսումնասիրությունները շարունակելու մտադրությունիցս: Չնայած այդ երկու փայլուն գիտնականների հանդեպ տածած իմ խորին հարգանքին՝ ես, այնուամենայնիվ, շատ հստակ տեսնում եմ նրանց հնարավորությունների սահմանները: Եվ եթե գոյություն ունի ինչ-որ պատասխան, ես ինքս պիտի դա գտնեմ: Ժամանակն անսպասելիորեն խիստ կարևոր է դարձել ինձ համար:
Մայիսի 29 — Ինձ տրամադրեցին իմ սեփական լաբորատորիան ու թույլ տվեցին շարունակել հետազոտություններս: Զգում եմ, որ մոտ եմ: Գիշեր-ցերեկ աշխատում եմ: Խնդրեցի, որ ծալովի մահճակալ բերեն լաբորատորիա: Գրելուն հատկացված ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ նշումներիս, որ պահում եմ առանձին թղթապանակում, սակայն հին սովորությանս համաձայն՝ ժամանակ առ ժամանակ մտածածս ու զգացածս թղթին հանձնելու կարիք եմ զգում:

Զգում եմ, որ ինտելեկտի հաշվարկը խիստ գրավիչ ու հետաքրքիր բնագավառ է ուսումնա­սիրու­թյան համար: Սա հենց այն ոլորտն է, որտեղ հարկավոր է կիրառել ձեռք բերածս բոլոր գիտելիքները: Ինչ-որ իմաստով՝ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում շարունակ կանգնած եմ եղել այս խնդրի առաջ:

Մայիսի 31 — Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ ես չափազանց շատ եմ աշխատում: Դոկտոր Նեմուրն ասում է, որ ես փորձում եմ մի երկու շաբաթվա մեջ տեղավորել այն բոլոր ուսումնասիրություններն ու մտքերը, որոնց համար մի ամբողջ կյանք է հարկավոր: Գիտեմ, որ հանգստի կարիք ունեմ, բայց ներսումս ինչ-որ բան առաջ է մղում ինձ ու թույլ չի տալիս կանգ առնել: Ես պարտավոր եմ գտնել Էլջերնոնի կտրուկ ռեգրեսիայի պատճառը: Ես պարտավոր եմ իմանալ՝ արդյո՞ք ինձ էլ նույն բանը չի սպառնում: Եվ եթե այո, ապա ե՞րբ:

Հունիսի 4

ՆԱՄԱԿ ԴՈԿՏՈՐ ՇՏՐԱՈՒՍԻՆ (պատճեն)

Թանկագին դոկտոր Շտրաուս,

Ներդիր ծրարով ուղարկում եմ ձեզ իմ հաշվետվության պատճենը, որ վերնագրել եմ «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը. արհեստականորեն բարձրացված ինտելեկտի կառուցվածքի և ֆունկցիաների ուսումնասիրություն»: Կցանկանայի, որպեսզի կարդայիք ու հրապարակեիք այն:
Ինչպես տեսնում եք՝ իմ գիտափորձերն ավարտված են: Հաշվետվության մեջ ներառել եմ իմ բոլոր բանաձևերը, իսկ հավելվածում նաև ներկայացրել եմ մաթեմատիկական վերլուծություններս: Անկասկած՝ այդ ամենը ստուգման կարիք ունի:
Գիտակցելով այս ամենի կարևորությունը Ձեր և դոկոր Նեմուրի համար (կարիք կա՞ արդյոք նշելու, որ ինձ համար նույնպես), ես ինքս տասնյակ անգամներ ստուգել և վերստուգել եմ իմ ուսումնասիրության արդյունքները՝ հուսալով ինչ-որ տեղ սխալ գտնել: Ցավում եմ, բայց արդյունքները ճիշտ են: Եվ այնուամենայնիվ, հաշվի առնելով գիտության շահը, ես շնորհակալ եմ, որ գոնե կարողացա ինչ-որ բան ավելացնել մարդու ուղեղի գործունեության և ինելեկտի արհեստական բարձրացումը կառավարող օրենքների մասին մինչ օրս եղած գիտելիքներին:
Հիշում եմ, թե ինչպես էիք մի անգամ ինձ ասում, որ գիտափորձի ձախողումը կամ վարկածի հերքումը նույնքան կարևոր են գիտության զարգացման համար, որքան հաջողությունը: Հիմա արդեն հասկանում եմ, թե դուք որքան ճիշտ էիք: Եվ սակայն՝ խորապես ցավում եմ, որ այս բնագավառում իմ ունեցած ներդրումը պիտի հանգչի այն երկու մարդկանց աշխատանքի փլատակների վրա, ում ես այդքան բարձր եմ գնահատում:

Անկեղծորեն Ձեր Չարլզ Գորդոն:
կից՝ հաշվետվ.

Հունիսի 5 — Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս: Գիտափորձիս արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս: Անգամ իմ սեփական կայծակնային զարգացումը չի կարող ստիպել անտեսել այն փաստը, որ դոկտոր Շրաուսի և դոկտոր Նեմուրի մշակած վիրահատական մեթոդով ինտելեկտի եռապակումն այսուհետ հարկ է դիտարկել որպես մի հայտնագործություն, որի լայն կիրառությունը (ներկայումս) գործնականորեն քիչ է հնարավոր կամ նույնիսկ անհնար է:

Ուսումնասիրելով Էլջերնոնի մասին վերջին նյութերն ու տվյալները՝ տեսնում եմ, որ չնայած նա դեռ իր ֆիզիկական զարգացման առաջնային փուլում է, մտավոր ունակություններն արդեն ռեգրես են ապրում: Մկանային ակտիվությունը նվազել է, ներզատիչ գեղձերի գործունեությունը՝ թուլացել, նկատվում է շարժումների կոորդինացիայի աստիճանական կորուստ:
Առկա են նաև զարգացող ամնեզիայի անհերքելի նշաններ:
Ինչպես արդեն նշել եմ հաշվետվությանս մեջ՝ այդ ամենը, ինչպես նաև ֆիզիկական ու մտավոր դեգրադացիայի մի շարք այլ սինդրոմներ կարելի է զգալի վիճակագրական ճշգրտությամբ կանխատեսել՝ կիրառելով իմ բանաձևը:

Վիրահատական միջամտությունը, որին մենք երկուսս էլ ենթարկվել ենք, ակտիվացրել ու արագացրել է մեր բոլոր մտավոր գործընթացները: Հաջորդող բոլոր չկանխատեսված զարգացումները, որոնք համարձակություն եմ ունեցել կոչելու «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտ», ինտելեկտի այս խթանման տրամաբանական շարունակությունն են: Այդտեղ ապացուցված հիպոթեզը կարելի է համառոտ ամփոփել հետևյալ կարճ նախադասությամբ. արհեստականորեն աճեցրած ինտելեկտն ի վերջո նվազում է այնպիսի արագությամբ, որն ուղիղ համեմատական է դրա աճի մակարդակին:

Վստահ եմ, որ սա ինքնին արդեն իսկ կարևոր հայտնագործություն է:

Քանի դեռ ընդունակ եմ գրելու՝ կշարունակեմ շարադրել այս հաշվետվություններս. սրանք ինձ հաճույք պատճառող սակավաթիվ բաներից մեկն են: Հարկ է նշել սակայն, որ ըստ ամենայնի՝ իմ սեփական մտավոր դեգրադացիան շատ արագ է լինելու:
Արդեն սկսել եմ նկատել էմոցիոնալ անկայունության ու մոռացկոտության նշաններ՝ մոտալուտ անկմանս առաջին սիմպտոմները:

Հունիսի 10 — Դեգրադացիան խորանում է: Ցրված եմ դարձել: Երկու օր առաջ Էլջերնոնը մեռավ: Հերձումը ցույց տվեց, որ իմ կանխատեսումները ճիշտ էին: Ուղեղի քաշը նվազել էր, ծալքերն ընդհանուր առմամբ բավականին հարթվել էին, ակոսներն, ընդհակառակը, խորացել ու լայնացել:
Կարծում եմ, որ նույն բանը կատարվելու է կամ արդեն կատարվում է ինձ հետ: Այժմ, երբ ամեն ինչ արդեն հաստատ է, չեմ ուզում, որ դա տեղի ունենա:

Էլջերնոնին դրեցի պանրի դատարկ տուփի մեջ ու թաղեցի պարտեզում: Լաց եղա:

Հունիսի 15 — Դոկտոր Շտրաուսն էր նորից եկել: Դուռը չբացեցի ու ասացի, որ հեռանա: Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն: Նեղացկոտ ու դյուրագրգիռ եմ դարձել: Զգում եմ, թե ինչպես է շուրջս թանձրանում խավարը: Չեմ կարողանում ինքնասպանության մասին մտքերը գլխիցս հանել: Ստիպված եմ անընդհատ ինքս ինձ հիշեցնել, թե հետո ինչքան մեծ գիտական կարևորություն է ունենալու իմ այս օրագիրը:

Այնքան տարօրինակ է, երբ վերցնում ես ընդամենը մի երկու ամիս առաջ հաճույքով կարդացածդ գիրքն ու հասկանում, որ լրիվ մռացել ես: Հիշում եմ, թե մի ժամանակ ինչքան բարձր էի գնահատում Ջոն Միլտոնի ստեղծագործությունները, բայց երբ փորձեցի նորից կարդալ «Կորուսյալ դրախտը», բացարձակապես ոչ մի բան չհասկացա: Այնքան էի կատաղել, որ գիրքը շպրտեցի սենյակի մյուս ծայրը:
Պիտի փորձեմ գոնե ինչ-որ բան պահել: Սովորածներիցս գոնե ինչ-որ բան: Աստված իմ, խնդրում եմ, մի՛ խլիր ամեն ինչ:

Հունիսի 19 — Երբեմն գիշերները դուրս եմ գալիս զբոսնելու: Անցած գիշեր չէի կարողանում տանս տեղը հիշել: Ինձ ոստիկանը տուն բերեց: Ինչ-որ տարօրինակ զգացում ունեմ, որ այս ամենն արդեն մի անգամ եղել է՝ շատ վաղուց: Շարունակում եմ ինքս ինձ համոզել, որ ես աշխարհում միակ մարդն եմ, ով կարող է նկարագրել, թե հետս ինչ է կատարվում:
Հունիսի 21 — Ախր ինչու՞ չեմ կարողանում հիշել: Չի կարելի հանձնվել: Օրերով պառկած եմ մնում անկողնում ու չեմ հասկանում՝ ով եմ կամ որտեղ եմ: Հետո հանկարծ ամեն ինչ միանգամից հետ է գալիս: Ամնեզիան ավելի ու ավելի է խորանում: Ի հայտ են գալիս ծերունական սիմպտոմներ՝ երկրորդ մանկություն եմ ապրում: Ու գիտեմ, որ սա դեռ ամենը չէ: Ինչ-որ անողոք տրամաբանություն կա այս ամենի մեջ: Ես այնքան շատ բան սովորեցի՝ այնքան կարճ ժամանակում: Իսկ հիմա միտքս գլխապտույտ արագությամբ քայքայվում է: Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել: Ես կպայքարե՛մ դրա դեմ: Անկախ ինձնից՝ անընդհատ աչքիս առաջ են գալիս այն բիստրոյի տղան, դեմքի դատարկ արտահայտությունը, բութ ժպիտը, վրան ծիծաղող մարդիկ: Ոչ, աղաչում եմ, միայն թե ոչ կրկին նույն բանը:

Հունիսի 22 — Սկսել եմ մոռանալ ոչ այնքան վաղուց սովորածս բաները: Ամեն ինչ կարծես դասական եղանակով է զարգանում. առաջին հերթին մոռանում ես վերջին սովորածդ: Թե՞ դասականը ուրիշ էր… Չգիտեմ, մի անգամ էլ է պետք նայել:
Նորից կարդացի «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտի» մասին հաշվետվությունս: Կարդալու ընթացքում ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե դա ինչ-որ ուրիշ մեկն է գրել: Որոշ հատվածներ նույնիսկ չէի էլ հասկանում:
Շարժողական գործունեությունս խաթարված է: Անընդհատ սայթաքում եմ, ինչ-որ բաների եմ բախվում: Գրամեքենայով տպելը քանի գնում՝ ավելի է դժվարանում:

Հունիսի 23 — Լրիվ հրաժարվեցի գրամեքենայից: Շարժումներիս կոորդինացիան շատ է թուլացել: Զգում եմ, որ ավելի ու ավելի դանդաղ եմ շարժվում: Այսօր մի սարսափելի ցնցում ապրեցի: Ուզում էի վերընթերցել ուսումնասիրությանս համար օգտագործված հոդվածներից մեկը՝ Կրյուգերի «Über psychische Ganzheit»-ը, հուսալով, որ դա կօգնի ինձ հասկանալ իմ կատարած աշխատանքը: Սկզբում ինձ թվաց, թե տեսողությանս հետ ինչ-որ բան այն չէ: Հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում գերմաներեն կարդալ: Փորձեցի մյուս բոլոր լեզուները: Ամեն ինչ կորել է:

Հունիսի 30 — Մի շաբաթ է՝ չէր համարձակվում ոչինչ գրել: Ամեն ինչ ավազի նման սահում է մատներիս արանքով ու անհետանում: Ունեցածս գրքերի մեծ մասը հիմա արդեն չափազանց բարդ է ինձ համար: Ու դա ինձ կատաղության է հասցնում, որովհետև գիտեմ, որ ընդամենը մի երկու շաբաթ առաջ կարողանում էի կարդալ ու հասկանալ դրանք:

Անընդհատ ինքս ինձ համոզում եմ, որ պետք է շարունակեմ գրել այս հաշվետվությունները, որպեսզի գոնե ուրիշներն էլ իմանան, թե ինչ է կատարվում ինձ հետ: Բայց ճիշտ բառեր ընտրելն ու դրանց ուղղագրությունը հիշելը քանի գնում՝ ավելի դժվար է դառնում: Հիմա արդեն ստիպված եմ նույնիսկ ամենապարզ բառերը բառարանով ստուգել: Ջղայնանում եմ ինքս ինձ վրա:

Դոկտոր Շտրաուսը համարյա ամեն օր գալիս է մոտս, բայց ես ասացի, որ ոչ ոքի չեմ ուզում տեսնել ու ոչ էլ ինչ-որ մեկի հետ խոսել: Ինքն իրեն մեղավոր է զգում: Բոլորն են իրենց մեղավոր զգում: Բայց ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես գիտեի, թե ինչ կարող էր լինել: Բայց մեկ է՝ դրանից այս ամենը պակաս ցավոտ չի դառնում:

Հուլիսի 7 — Չհասկացա ամբողջ շաբաթս ուր կորավ: Գիտեմ որ այսօր կիրակի է, որովհետեվ պատուհանից տեսնում եմ թե ինչպես են մարդիկ եկեղեցի գնում: Ինձ թվում է ամբողջ շաբաթ անկողնուցս դուրս չեմ եկել, միայն հիշում եմ թե ինչպես էր միսիս Ֆլինն ինձ մի երկու անգամ ուտելիք բերում: Անընդհատ ինքս ինձ կրկնում եմ որ պիտի ինչոր բան անեմ, բայց հետո մոռանում եմ կամ երեվի ավելի հեշտ է ուղակի չանել այն ինչ ասում եմ որ պիտի անեմ:

Վերջերս շատ եմ մտածում հորս ու մորս մասին: Մի նկար գտա որտեղ մենք երեքով ծովափին ենք: Հայրս թեվի տակ մի մեծ գնդակ ունի, իսկ մայրս բռնել է ձեռքս: Ես չեմ հիշում որ նրանք այնպիսին լինեն ինչպիսին նկարի մեջ են: Միայն հիշում եմ թե ինչպես էր հայրս համարյա ամեն օր հարբում ու փողի համար կռվում մորս հետ:

Ինքը հազարից մեկ էր սափրվում ու գրկելուց միշտ դեմքս քերծում էր: Մայրս ասում էր որ հայրս մահացել է, բայց իմ զարմիկ Միլտին մի անգամ ասաց որ ինքը լսել է թե ինչպես են իր ծնողները ասում որ իմ հայրը փախել է ուրիշ կնոջ հետ: Երբ մորս հարցրեցի այդ մասին ինձ ապտակեց ու գոռաց որ հայրս մեռած է: Ինձ թվում է ես երբեք էլ չեմ իմանա թե ճիշտը որն էր, բայց դե ինձ համար արդեն մեկ է: (Հայրս մի անգամ ասաց որ ինձ կտանի ֆերմա կովերին տեսնելու, բայց այդպես էլ չտարավ: Ինքը երբեք իր խոստումները չէր պահում):

Հուլիսի 10 — Տանտիրուհիս միսիս Ֆլիննը ահավոր անհանգիստ է ինձ համար: Ասում է որ երբ տեսնում է թե ինչպես եմ օրերով պառկած մնում ու ոչմի բան չեմ անում միանգամից իր տղային է հիշում ու մեկ էլ թե ոնց դրան տնից շպրտեց դուրս: Ասաց որ թամբալներին տանել չի կարողանում: Ուրիշ բան եթե հիվանդ եմ բայց եթե թամբալ եմ էդ արդեն չեղավ ու ինքը էդ չի հանդուրժի: Ես ասացի որ ոնցոր թե գրիպ եմ:
Ամեն օր փորցում եմ գոնե մի քիչ կարդալ հիմնականում պատմվածքներ բայց մեկմեկ ստիպված եմ լինում նույն բանը մի քանի անգամ կարդալ որովհետև կարդացածս չեմ հասկանում: Ու գրելն էլ է դժվարացել: Գիտեմ որ պիտի բոլոր բառերը բառարանում նայեմ բայց ախր շատ դժվար է ու ես էլ անընդհատ մի տեսակ հոգնած եմ:
Հետո մտքովս անցավ որ երկար ու դժվար բառերի փոխարեն կարելի է մենակ հեշտ ու կարճ բառեր օգտագործել: Դա ժամանակ է խնայում: Մոտավորապես շաբաթը մի անգամ ծաղիկներ եմ դնում Էլջերնոնի գերեզմանին: Միսիս Ֆլիննը կարծում է որ ես գժվել եմ որ ծաղիկներ եմ դնում մկան գերեզմանին բայց ես ասացի որ Էլջերնոնը հատուկ մկնիկ էր:

Հուլիսի 14 — Էլի կիրակի է: Ես ոչմի անելու բան չունեմ որովհետեվ հեռուստացույցս փչացել է իսկ ես փող չունեմ որ սարքել տամ: (Ոնց որ թե լաբատորիայի այս ամսվա չեկը կորցրելեմ: Չգիտեմ չեմ հիշում):
Գլուխս անընթատ ահավոր ցավում է ու ասպերինն էլ համարյա չի օգնում: Միսիս Ֆլիննը տեսնում է որ ես լուրջ հիվանդեմ ու խղճում է ինձ: Ինքը շատ բարի կին է երբ ինչոր մեկը հիվանդ է:

Հուլիսի 22 — Միսիս Ֆլիննը ինչոր անծանոթ բժիշկ էր կանչել որ ինձ նայի: Վախենում էր որ կարող է հանկարծ մեռնեմ: Ես բժիշկին ասացի որ այնքան էլ հիվանդ չեմ ուղղակի մեկմեկ ամեն ինչ մոռանում եմ: Հարցեց ընկերներ կամ հարազատներ ունեմ ու ես ասացի չէ ոչ ընկերներ ունեմ ոչ էլ հարազատներ: Պատմեցի որ մենակ մի ժամանակ մի ընկեր ունեի ում անունը Էլջերնոն էր բայց ինքը մուկ էր ու մենք միշտ իրար հետ մրցում էինք: Ինքը մի տեսակ տարորինակ նայեց վրաս ու երեվի մտածեց գժվել եմ:
Հետո երբ ասացի որ առաչ ես հանճար էի ժպտաց ու հետս սկսեց այնպես խոսել ոնցոր երեխա լինեի ու միսիս Ֆլիննին աչքով արեց: Ես կատաղեցի ու դրան վռնդեցի դուրս որովհետեվ ինքն էլ էր ինձ ձեռ առնում ոնցոր մի ժամանակ բոլորը:

Հուլիսի 24 — Փողերս լրիվ պրծելեն ու միսիս Ֆլիննը ասում է որ ես պիտի գնամ մի տեղ աշխատեմ որ կարողանամ սենյակիս վարցը տամ թե չէ արթեն երկու ամիս է փող չեմ տվել: Ես ոչմի գործ անել չգիտեմ բացի այն գործից որ անում էի Դոննեգանի պլաստիկ տուփերի գործարանում: Ես չեմ ուզում հետ գնալ այնտեղ որովհետեվ իրենք բոլորը գիտեին ինձ երբ ես խելացի էի ու հիմա երեվի կսկսեն վրաս ծիծաղել: Բայց համել չգիտեմ ուրիշ ինչ անեմ որ փող ճարեմ:

Հուլիսի 25 — Իմ առաչվա հաշվետվուցյուններն էի նայում ու շատ տարորինակ է բայց ես չեմ կարողանում կարթալ իմ գրածներս: Հազիվ կարողանումեմ մի քանի բառեր տարբերել բայց իմաստը չեմ հասկանում:
Միսս Կինիանն էր եկել ու կանգնել դռան մոտ բայց ես ասացի գնացեք չեմ ուզում ձեզ տեսնել: Ինքը լաց եղավ ու ես էլ լաց եղա բայց ներս չթողեցի որովհետեվ չեմ ուզում որ ինքն էլ ծիծաղի իմ վրա: Ասացի որ ինքը էլ իմ դուրը չի գալիս: Ասացի որ էլ չեմ ուզում խելացի լինել: Բայց դա ճիշտ չի: Ես դեռ սիրումեմ իրեն ու դեռ ուզումեմ խելացի լինել բայց ստիպված պիտի այդպես ասեի որ գնար: Ինքը միսիս Ֆլիննին իմ սենյակի համար փող տվեց: Ինձ դա պետք չի: Ես պիտի գործ գտնեմ:
Խնդրումեմ… Խնդրումեմ ինչ կլինի թող գոնե գրելն ու կարթալը չմոռանամ:

Հուլիսի 27 — Միստր Դոննեգանը շատ բարի էր երբ հետ գնացի մոտը ու խնդրեցի որ թողնի նորից հավաքարար աշխատեմ: Սկզբից միտեսակ կասկածելով էր նայում բայց հետո երբ պատմեցի թե հետս ինչ է եղել ինքը շատ տխրեց ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի Գորդոն դու իսկական տղամարդ ես:

Բոլորը ինձ էին նայում երբ իջա ներքեվ ու սկսեցի առաչվա նման զուգարանը մաքրել: Ես ինձ ասացի Չարլի եթե հանկարծ էլի սկսեն քեզ ձեռ առնել բանի տեղ մի դիր որովհետեվ դու հիշումես որ իրենք այնքան էլ խելացի չեն ինչքան մի ժամանակ քեզ թվում էր: Ու համել իրենք մի ժամանակ քո ընկերներն էին ու եթե ծիծաղում էլ էին վրադ դա ոչմի կապ չունի որովհետեվ համել սիրում էին քեզ:

Նոր աշխատողներից մեկը ով իմ գնալուց հետո էր եկել մի հատ չար կատակ արեց: Ասաց Չարլի լսել եմ դու ահավոր խելոք դեմք ես համարյա իսկական ակադեմքոս: Հլը մի հատ խելոք բան ասա: Ես ինձ վատ զգացի բայց Ջո Կարպն եկավ մոտիկ նրա օձիքից բռնեց ու ասաց Չարլիին հանգիստ թող հոտած ծաղրածուի մեկը թե չէ վիզդ կպոկեմ: Ես չեի սպասում որ Ջոն իմ կողմից կլինի դրա համար էլ կարծումեմ ինքը իմ իսկական ընկերն է:

Ավելի ուշ Ֆրենկ Ռեյլին էլ եկավ մոտս ու ասաց Չարլի եթե ինչոր մեկը էլի քեզ կպնի կամ փորցի ճնշել ինձ կամ Ջոին ասա ու մենք դրանց հարցերը կլուծենք: Ես ասացի շնորհակալուցյուն Ֆրենկի ու հետո այնպես հուզվեցի որ ստիպված գնացի պահեստ որ հանկարծ չտեսնի թե ոնց եմ աչքերս լցրել: Ինչ լավ բան է ընկերներ ունենալը:

Հուլիսի 28 — Այսոր իսկական ապուշուցյուն արեցի որովհետեվ լրիվ մոռացել էի որ էլ չեմ գնում հետամնաց չափահասների համար միսս Կինիանի դասարան ոնցոր առաչ: Ես մտա ներս ու գնացի նստեցի սենյակի խորքի իմ հին տեղը ու ինքը մի տեսակ տարորինակ նայեց ինձ ու ասաց Չարլզ: Ես չեի հիշում որ ինքը ինձ կյանքում Չարլզ ասած լիներ առաչ միշտ Չարլի էր ասում ու ես ասացի բարեվ ձեզ միսս Կինիան ես իմ այսորվա բոլոր դասերս արել եմ ուղակի դասագիրքս եմ ինչոր տեղ կորցրել: Ինքը սկսեց լացել ու սենյակից դուրս վազեց ու բոլորը նայեցին ինձ ու ես տեսա որ իրենք լրիվ ուրիշ մարդիկ էին ոչթե իմ հին դասարանցիները:

Հետո մեկել հանկարծ ինչոր բաներ հիշեցի վիրահատուցյանս մասին ու համել թե ոնց էի խելոքացել ու ասացի վայքու էս անքամ իսկականից ինձ լրիվ Չարլի Գորդոնի տեղը դրեցի: Հետո շուտ դուրս եկա քանի դեռ ինքը չեր վերադարցել դասարան:
Դրա համար էլ որոշելեմ Նյու Յորքից ընդմիշտ հեռանալ: Չեմ ուզում որ հանկարծ մի անգամ էլ ինչոր նման բան լինի: Չեմ ուզում որ միսս Կինիանը խղճա ինձ: Գործարանում էլ են բոլորը ինձ խճում ու ես դա էլ չեմ ուզում ու դրա համար էլ մի այնպիսի տեղ եմ գնալու որտեղ ոչմեկ չգիտի որ Չարլի Գորդոնը մի ժամանակ հանճար է եղել իսկ հիմա նույնիսկ գիրք կարթալ կամ ճիշտ գրել չի կարողանում:

Հետս մի երկու գիրք եմ վերցնում ու չնայած դրանք կարթալ չեմ կարող ես լիքը կպարապեմ ու երեվի ամեն ինչ չմոռանամ ինչ սովորել էի: Եթե շատ շատ աշխատեմ երեվի նույնիսկ մի քիչ ավելի խելացի կդառնամ քան վիրահատուցյունից առաջ էի: Նապաստակի ոտքը մոտս է ու բախտավոր պեննին էլ ու երեվի դրանք ինձ կօգնեն:

Միսս Կինիան եթե հանկարծ մի օր կարթաք գրածս խնդրում եմ չխղճաք ինձ ես ուրախեմ որ խելացի լինելու երկրորդ շանս ունեցա որովհետեվ լիքը նոր բաներ սովորեցի որ առաչ նույնիսկ չգիտեի էլ որ աշխարում գոյուցյուն ունեն ու շատ շնորակալ եմ որ թեկուզ մի պահ կարողացա այդ ամենը տեսել: Չգիտեմ թե ինչու եմ էլի հիմար դարցել կամ թե ինչն եմ սխալ արել երեվի քիչ էի աշխատում իմ վրա դրանից է: Բայց եթե փորցեմ ավելի շատ աշխատել ու լիքը պարապեմ գուցե մի քիչ ավելի խելացի կդառնամ ու գոնե կհասկանամ թե բոլոր բառերը ինչ են նշանակում: Հիմա մի քիչ հիշումեմ թե ինձ ինչքան լավ էի զգում երբ կարթում էի ճղած անկյունով կապույտ գիրքը: Հենց դրա համար էլ անպայման շարունակելու եմ պարապել ու փորցելու եմ խելոքանալ որ կարողանամ ինձ էլի այդպես լավ զգալ: Շատ հաճելի է երբ լիքը բան գիտես ու խելացի ես: Այնքան կուզեի հենց հիմա խելացի լինեի եթե այդպես լիներ կնստեի ու անընթատ գիրք կկարդայի: Բայց դե ամեն դեպքում ես հաստատ գիտեմ որ աշխարում առաչին հիմար մարդն եմ ով ինչոր կարեվոր բան է արել գիտուցյան համար: Հիմա չեմ հիշում ինչ բայց հիշումեմ որ մի բան հաստատ արել եմ: Ու ինձ թվում է դա նույնն է ոնցոր եթե դա բոլոր ինձ նման հիմար մարդկանց անունից արած լինեմ:

Մնաք բարով միսս Կինիան ու դոկտոր Շտրաուս ու մնացած բոլորդ: Ու Հ.Գ. խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա: Շատ հեշտ է ընկերներ ունենալը երբ թողնում ես որ մարդիկ քեզ վրա ծիծաղեն: Այնտեղ ուր գնում եմ ես լիքը ընկերներ եմ ունենալու:

Հ.Հ.Գ. Խնդրում եմ եթե հարմար լինի մեկմեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին…

Рубрика: Մայրենի

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 46

Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյուն

1.Պատասխանիր հարցերին.

1-Որի մի անկյունը 90o-է իսկ մյուս անկյունները 45o։

2-180o։

3-Ամենամեծ կողմ կամ ներքնձիգ

4-Ամենամեծ կողմ կամ ներքնձիգ

5-Որի բոլոր անկյունները իրար հավասար են։

6-Որի հիմքին առընթեր անկյունները հավասար են։

2.Ավարտիր նախադասությունը

1-Միջնագիծ։

2-Բարձրություն։

3-60o

4-իրար հավասար են։

3.Ո՞ր պնդումն է ճիշտ․


1-Ոչ

2-Այո

3-Ոչ

4-Ոչ

Рубрика: Գրականություն

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։ Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին։ Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ։ Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերջերոնների 14֊ամյա որդուն՝ Հարիսոնին։ Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել։ Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք։ Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ։ Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։ Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում։ Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել։ Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս։ Ջորջի ականջի մեջ նորից խշշաց։ Նրա մտքերը ցրվեցին։

— Շատ սիրուն պարեցին, հենց նոր,— ասաց Հազելը։

— Հ՞ն,— ասաց Ջորջը։

— Ասում եմ, պարը վատը չէր,— ասաց Հազելը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։

Նա փորձեց մտածել բալետի պարուհիների մասին։ Նրանք իրոք լավն էին, համենայն դեպս, ուրիշներից ավելի լավը չէին։ Նրանց մեջքերին զսպիչի սարքի պարկերն էին կապած, դեմքերը՝ փակված էր, որ ոչ մեկը գեղեցիկ ժեստով չտարվեր։ Ջորջին սկսեց տանջել միտքը, որ գուցե պարուհիների ուղեղներին զսպիչներ չպետք է հագցնել։ Բայց Ջորջը չհասցրեց խորանալ, քանի որ նորից նրա ականջի ռադիոն խշշաց։ Ջորջի դեմքը խոժոռվեց, պարուհիներից երկուսինն էլ։ Հազելը մտավոր աշխատանքի զսպիչ չուներ, դրա համար հարցրեց Ջորջին՝ ինչ ձայն ստիպեց խոժոռվել։

— Կարծում եմ հետաքրքիր կլիներ տարբեր ձայներ լսելը,— ասաց Հազելը՝ մի քիչ նյարդայնացած։

— Ես լավ Գլխավոր Զսպող կաշխատեի։

— Նույնքան լավ, որքան բոլորը։

— Ո՞վ ինձնից ավելի լավ գիտի՝ որն է միջակությունը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։ Նա սկսեց մտածել իր ոչ միջակ որդու մասին, ով հիմա բանտում էր, բայց էլի ականջում ձայնը խշշաց։ Այս անգամ հաղորդիչի ձայնն այնքան ուժեղ էր, որ Ջորջը սփրթնեց և սկսեց դողալ, աչքերն էլ արյուն լցվեց։ Բալետ պարողներն էլ այդ պահին գետնին ընկան։

— Դու հոգնած տեսք ունես, ինչու չես պառկում, քո զսպիչի պարկը ծանր է, կհենես բարձին, մեջքդ չի հոգնի։ Գնա հանգստացի, լուրջ, ես դեմ չեմ, որ մի քանի րոպե ինձ հավասար չլինես։ Ջորջը ձեռքով բռնեց իրեն կապված կապոցը։

— Մի անհանգստացի, ես սովորել եմ արդեն, պարկը իմ մի մասն է դարձել։

— Այնքան հոգնած տեսք ունես, եթե կարողանայինք ծակ բացել ու մի քիչ թեթևացնել այդ պարկը։

— Ահա, ու երկու տարի բանտ նստել ու 2000 դոլար տույժ մուծել։ Չէ, գոհ ու շնորհակալ եմ։ Եթե ես սրանից ազատվելու ձև մտածեմ, դա կանեն նաև ուրիշներ ու մենք կրկին կհայտնվենք քարե դարում, երբ բոլորը մրցում էին իրար հետ։ Դու հո դա չե՞ս ուզում։

— Իհարկե, ոչ։

— Կարծում ես՝ ի՞նչ է կատարվում հասարակության հետ, եթե մարդիկ օրենքները շրջանցելու փորձ անեին։

— Երևի այն կկործանվեր,— ասաց Հազելը։

Հեռուստահաղորդումը հանկարծ ընդհատվեց, լուրերի ժամն էր։ Սկզբից հասկանալի չէր՝ ինչի մասին է, քանի որ հաղորդավարը, ինչպես բոլոր հաղորդավարները, լուրջ լեզվական խնդիրներ ուներ։ Մոտ կես րոպե նա փորձում էր ասել՝ տիկնայք և պարոնայք։ Չստացվեց։ Նա խոսքը փոխանցեց բալետի պարուհուն։

— Բայց հաղորդավարը փորձում էր խոսել, թեև հեշտ չէր։ Դա ամենակարևորն է։ Կարելի է նրան պարգևատրել փորձելու համար,— ասաց Հազելը։

— Տիկնայք և պարոնայք,— ասաց բալետի պարուհին։ Պետք է,որ նա շատ սիրուն լիներ, քանի որ այն դիմակը, որը կրում էր, ուղղակի սարսափելի էր։ Եվ ակնհայտ էր նաև, որ նա բոլոր պարուհիներից ամենաճկունն է, քանի որ նրան կապված ծանրոցների չափի ծանրոցներ միայն հարյուր կիլոգրամ կշռող մարդկանց վրա են կապում։

— Հարիսոն Բերջերոնը, 14 տարեկան հենց նոր փախել է բանտից, որտեղ նա հայտնվել էր, քանի որ մեղադրվում էր իշխանափոխություն ծրագրելու մեջ։ Նա հանճար է և ճկուն, ուստի վտանգավոր է։

Այդ խոսքերի հետ Հարիսոն Բերջերոնի նկարը հայտվեց հեռուստացույցի էկրանին։ Մի փոքրիկ սարքի փոխարեն մեծ ականջակալներ էին գլխին դրված, իսկ աչքերին հաստ ապակիներով ակնոց էր։ Դրանք ոչ միայն նրան կիսակույր դարձնելու համար էին, այլև գլխացավեր առաջացնելու։ Նրա մարմնին մետաղյա վահաններ էր հագցված։ Հաղթանդամ մարդկանց վրա այդ զսպիչները մի քիչ այլ տեսք էին ունենում, բայց Հարիսոնի վրա դրանք անիմաստ իրերի կույտ էին հիշեցնում։

Տեսքը ավելի վատացնելու համար՝ նրան պարտադրում էին կրել կարմիր ռետին՝ քթի վրա, ունքերը միշտ սափրած պահել, և կրել սև ռետիններ՝ սպիտակ ատամներին։

— Եթե դուք այս տղային տեսել եք,— ասաց բալետի պարուհին,— մի փորձեք, կրկնում եմ, մի փորձեք խոսել նրա հետ։

Ադ պահին դուռը սկսեցին քաշքշել, իսկ հեռուստացույցից լսվեցին սարսափահար գոռգռոցներ։ Հարիսոն Բերջերոնի լուսանկարը սկսեց թռվռալ՝ կարծես երկրաշարժի ձայնի տակ պարեր։

Ջորջ Բերջերոնը ճանաչեց երկրաշարժը։

— Աստված իմ,— ասաց Ջորջը,— պետք է որ սա Հարիսոնը լինի։

Բայց ուղեղը զսպող սարքի ձայնը նորից վերացրեց մտքերը։ Երբ Ջորջը կարողացավ նորից բացել աչքերը, Հարիսոնի նկարը վերացել էր էկրանից։ Իսկական Հարիսոնն էր էկրանի մոտ։ Ծաղրածու տեսքով՝ հաղթանդամ Հարիսոնը սենյակի մեջտեղում էր։ Դռան բռնակը դեռ Հարիսոնի ձեռքում էր։ Բալետի պարողները, տեխնիկները, երաժիշտները, հաղորդավարները ծնկի էին իջել նրա առաջ, սպասելով մահվան։

— Ես կայսրն եմ,— գոռաց Հարիսոնը,— լսու՞մ եք։ Ես կայսրն եմ։ Բոլորդ պետք է անեք՝ ինչ ես կասեմ,— ոտքով խփեց գետնին։

— Նույնիսկ էս տեսքով՝ թուլացված, խեղճացված ու հաշմանդամ դարձած ես ավելի ուժեղ եմ քան որևէ մեկ։Ապա նայեք և կտեսնեք՝ ես ինչ եմ դառնում։ Հարիսոնը քանդեց իր զսպիչի թելերը, զսպիչը ընկավ գետնին և ջարդվեց։ Հարիսոնը պատերին շպրտեց նաև իր ականջակալները և ակնոցը։ Այս ամենը թոթափելուց հետո նա ամպրոպի աստծու տեսք ստացավ։

— Հիմա ես կընտրեմ իր կայսրուհուն,— ասաց նա՝ նայելով մարդկանց։

— Թող առաջին կինը, ով ռիսկ կանի կանգնել դառնա իմ կինը և ստանա գահը։

Մի րոպեից բալետ պարողներից մեկը ոտքի կանգնեց՝ օրորվելով։ Հարիսոնը ամենայն հոգատարությամբ հանեց զսպիչը նրա ականջից, այլ կաշկանդիչ գործիքները, իսկ վերջում հանեց նաև դիմակը։

Նա կուրացնող գեղեցկություն ուներ։ — Հիմա,— ասաց Հարիսոնը՝ նրա ձեռքը բռնելով,— ցույց տանք մարդկանց, թե ինչին են ասում պար։ Երաժշտությու՛ն։

Երաժիշտները իրենց տեղերը վերադարձան, և Հարիսոնը զսպիչներից նրանց էլ ազատեց։

— Լավ նվագեք և ես ձեզ բարոններ և դուքսեր կդարձնեմ։

Երաժշտությունը սկսվեց։ Հարիսոնը և իր կայսրուհին պարզապես լսում էին, ուշադիր, կարծես իրենց սրտի աշխատանքը երաժշտությանը հարմարեցնելու համար։ Հետո նրանք թաթերի վրա կանգնեցին։ Հարիսոնը իր մեծ ձեռքը դրեց աղջկա բարակ մեջքին, որ վերջինս իրեն թեթև զգա։

Հետո, երջանկություն և նրբագեղություն տարածելով՝ նրանք օդ թռան՝ խախտվեց գրավիտացիայի օրենքը, շարժման օրենքը։ Սենյակի բարձրությունը 30 մետր էր, բայց ամեն հաջորդ ցատկը նրանց ավելի էր առաստաղին մոտեցնում։ Նրանք առաստաղը համբուրեցին, հետո իրար և այդ համբույրը երկար տևեց։

Այդ պահին էր, երբ Դիանա Մուն Գլամփերսը՝ Գլխավոր Զսպողը, ներս մտավ՝ հրացանը ձեռքին։ Նա երկու անգամ կրակեց, կայսրը և կայսրուհին արդեն չկային, երբ նրանց մարմինները գետնին ընկան։ Դիանա Մուն Գլամփերսը զենքը դարձրեց երաժիշտների կողմ և 10 վայրկյան ժամանակ տվեց զսպիչները հետ հագնելու համար։

Այդ պահին Բերջերոնների հեռուստացույցը անջատվեց, Հազելը պտտվեց Ջորջին դիմելու, բայց նա գնացել էր խոհանոց՝ գարեջրի հետևից։ Ջորջը հետ եկավ՝ գարեջուրը ձեռքին, կանգ առավ, քանի որ զսպիչը ցնցեց նրան։ Հետո նա նստեց։

— Դու լաց էիր լինում,— դիմեց նա Հազելին։

— Հա,— պատասխանեց նա։

— Ինչի՞,— հարցրեց։

— Չեմ հիշում, բայց ինչ որ տխուր բան էին ցույց տալիս հեռուստացույցով։

— Մոռացիր տխուր բաները,— ասաց Ջորջը։

— Ես ամեն ինչ եմ մոռանաում,— ասաց Հազելը։

— Ապրես, իմ աղջիկ,— ասաց Ջորջը․ Նա նորից ցնցվեց։

— Ջորջ, էս մեկը շատ ուժեղ էր, չէ՞,— հարցրեց Հազելը։

— Կարող ես կրկնել։

— Ես զգում եմ, որ էս մեկը ուժեղ էր։

  1. Կարդալ պատմվածքը։ ✅
  2. Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։ Անհասկանալի բառ չկար։
Рубрика: Ճամբար, Ճամփորդություն

3 օրով Արատեսում

Բարև ձեզ ես Ռոբերտն եմ։ Ես և իմ ընկերները գնացել էինք 3 օրով Արատես։ Մենք Ճանապարին ուրախացանք, երգեցինք հետո կանգ առանք մի քիչ օդափոխվեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Առաջին օրը երբ մենք հասանք Արատես, առատ ձյուն էր գալիս։ Ավտոբուսից իջանք և վազելով մտանք տակ։ Տնակում մենք սկսեցինք մաքրություն անել։ հետո տեղավորվեցինք ու հետո դուրս եկանք խաղալու։ Երկորդ օրը շատ հետաքրքիր անցավ, խաղեր կազմակերպեցինք, զբոսնեցինք, ես և իմ ընկերս ընկեր Դանիելի հե ֆուտբոլ էինք պարապում, գիշերը շատ երգ լսեցինք և այդպես վերջացավ մեր երկրորդ օրը։ երորդ որը մենք առավոտյան գնացինք նախաճաշելու, հետո մենք ընկերներով գնացինք տնակ և սկսեցինք մաքրել մեր սենյակը, վերջում եկավ մեր ավտոբուսը և մենք շարժվեցինք դեպի Երևան։ Ետ վերադառնալուց ուշադրություն էի դարձնում չանապարհին, որը շատ գեղեցիկ էր՝ բարձր սարերը պատված էին ձյունով իսկ ներգեվի հատվածներում կանաջ էր։