Գոյականական անդամի լրացումներ
Հատկացուցիչ
Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

1.Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ և կոչվում է հեռացված հատկացուցիչ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
2. Կետադրի’ր:
- Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց։
- Բազեի, որսորդի զարկից թուլացած, մարմինն ընկավ լիճը։
- Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը, խոցում էր սիրտս։
- Առագաստանավի, անցյալ դարում ապրած նավապետի, գրառումներում մի հետաքրքիր փաստ կա։
- Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ։
3.Գտեք որոշիչները և հատկացուցիչները, գրել՝ ինչ խոսի մասով են արտահայտված։
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։