- Քիթը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Նա շատ հարգված ատամնաբույժ էրքառասուն քանի տարեկան, աղջիկը համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացիմեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ:
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց. – Ո՞ւր ես գնում: – Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի: – Բայց այդ քթո՞վ: – Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նաառանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է:
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտքնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու: – Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը: – Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը: – Բայց ինչո՞ւ: – Իսկ ինչո՞ւ ոչ: Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով: – Հայրի՛կ: – Այո, աղջիկս: – Կարո՞ղ ենք զրուցել: – Իհարկե կարող ենք: – Այդ քո քթի մասին: – Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում: – Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞: – Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել: – Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի: – Չունի, որովհետև չի ուզում: – Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ: – Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում, որ մի բան փոխվել է: – Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը: – Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել: – Բայց, բայց… – Աղջիկս… – Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես: Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել: – Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է:
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո, — ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք:
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:
Առաջադրանքներ
Ա) Ձեր կարծիքով, ո՞ր կետերն են համապատասխանում պատմվածքին, որոնք՝ ոչ: Ձեր պատասխանները հիմնավորե՛ք:
«Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների» մարդը տարօրինակ բան չի կարող անել:
☞Հասարակական կարծիքը չի կարող որոշիչ լինել մարդկանց հարաբերություններում:☜
Հասարակությունն ընդունում է անհատին ըստ իր արժանիքների, ոչ ըստ իր արտաքին տեսքի:
Ընտանիքը սիրում և ընդունում է ընտանիքի անդամին այնպիսին, ինչպիսին նա կա:
Ընտանիքի հայրը հանուն իր ընտանիքի դեմ է գնում իր սկզբունքներին:
Բ) Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին.
«Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:
☞Հերոսը ճիշտ է քանի որ չի հանձնվում հասարակության ճնշմանը և պահպանում է իր սկզբունքները:☜