Գավառական նամականի: Ակսել Բակունց
Խաղաղ և իր քեֆին ապրում է փոքրիկ քաղաքը, որ գրպանի քարտեզի վրա չի էլ նշանակված թեկուզ որպես միջակետ: Կարծես դիտմամբ հեռացել է այս անկյունը խուլ, որ իրեն չխանգարեն, շատ եռ ու զեռով, ժխորի աղմուկով իրեն չնեղացնեն:
Ապրում է իր քեֆին, կատարում է այն ամենը, ինչ հարկ է, աշխատում է նմանվել մեծ քաղաքներին և օրինակ դառնալ շրջակա գյուղերի համար: Փոքրիկ այդ քաղաքը գավառի կենտրոնն է, նրան են նայում հարյուրավոր գյուղեր՝ թառած լեռան կատարին, խոր ձորերի մեջ ընկած գյուղեր:
Դրսի աշխարհի հետ ունեցած կապը փոստն է, որ գալիս է անկանոն, բեռը կես ճամփին թողնում, որ հետո վերադառնա բերի. կապը ծուռ ու մուռ խճուղին է, որ լղար եզան պես կողքի ճաղերն է ցցել, կապը՝ հեռագրի մի բարակ թելն է, որ անցնում է տասնյակ վերստեր անմարդաբնակ սարերով, կտրում հավիտյան ձյունապատ լեռների կատարներ, իջնում անդնդախոր ձորեր և հասնում հեռավոր երկաթուղուն: Շատ հաճախ է գիծը կտրվում. ձյան հյուսեր, սարի քամի, փոթորիկ պոկում են սյունը տեղից: Սարերով անցնելիս մեկ էլ հանկարծ հանդիպում ես հեռագրասյուների ուղիղ շարքին ու բարակ երկաթալարին, որ կանչում է ասես հուսակտուր ու խեղճ՝ մեծ քաղաքին հաղորդում, որ այնտեղ, երկաթուղուց հարյուրավոր վերստեր հեռու, լեռներով փակված մի գետահովտի վրա անհոգ ընկած գավառական փոքրիկ քաղաքում ևս կա մոլեկուլյար աշխատանք, այնտեղ էլ են շինում, այնտեղ էլ է բաբախում թեկուզ մի երակ, որ տանում է դեպի սիրտը՝ լայնարձակ Միությունը Խորհրդային: Մարդ այնպես խղճահարվում է, երբ ձյունապատ լեռան գլխին՝ ժխորից հեռու, հանկարծ լսում է, թե ինչպես նվվում են երկաթի թելերը հեռագրի, ինքդ էլ ուզում ես կանչես, որ մեծ ճամփով անցնող գնացքը մի օր էլ շուռ տա ուղին իր և մխրճվի քնած լեռնապարն այս, լեռները վախենան, բազմանան գործարանները, խաղաղ ու հանդարտ գետահովիտում այս վառվեն հսկա լապտերները քաղաքի:
Ամեն ինչ դանդաղ է, խաղաղ գավառական այս խուլ անկյունում: Շտապելու հարկ չկա. կենտրոնից հեռու լինելը, մարդաշատ քաղաքի կարիքներին անհաղորդ լինելը ստեղծում է անհրաժեշտ միջավայր, ուր առատորեն զարգանում է գավառացու մտավոր կարճությունը, նրա մեղկ և կենդանական կյանքը, որկրամոլ և թուլամորթ լինելը: Կատարյալ քաղքենի, օրինապաշտ, պինդ փարած հնօրյա ադաթին՝ նավասարդին ու ձմռան երկար գիշերների զրույցներին:
Առաջադրանքներ
Ա) Քաղաքին տրված են բնորոշումներ: Տեքստից ընտրեք արտահայտություններ և նախադասություններ, որոնք հաստատում են տվյալ բնորոշումը:
- Քաղաքն օրինակ է շրջակա գյուղերի համար։
- Անշտապ է ամեն ինչ այս քաղաքում ու դանդաղ։
- Քաղաքը շատ է փոքրիկ ու աննկատ։
- Հեռու է աշխարհի անցուդարձից այս քաղաքը
- Քաղաքն անկյուն է մտել, որ իրեն աղմուկը չխանգարի։
Բ) Ըստ ձեր ընթերցած հատվածի՝ ներկայացրեք այս գավառական քաղաքի բնակչին:
Բնակիչը խաղաղ, անշտապ է, հեռու աշխարհից: Նա ապրում է պարզ կյանքով, գնահատում սովորությունները, ու որոշակի նպատակներ ունի՝ զարգացնել քաղաքը, սակայն ենթարկվում է գյուղական կյանքի սահմանափակումներին: