Ենթակա և ստորոգյալ
Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:
Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:
Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝
- գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
- Ուսուցիչը օգնեց նրան:
- Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
- այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
- Մենք դա լավ էինք հասկանում:
- Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
- փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
- Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
- Սևը նրան դուր չեկավ:
- փոխանուն թվականով, օրինակ՝
- Երեքն իմ սիրելի թիվն է:
- Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
- Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
- Օջախդ պահող կա:
- Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
- Բառակապակցությամբ, օրինակ՝
- Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
- Նրան օգնեց մարդկանց բուժելը:
Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:
Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:
Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:
Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:
Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝
- բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
- բայի կրկնությամբ, օրինակ՝
- Գնում է, գնում, հասնում մի երկիր:
- Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
- հարադրավոր բայերով, օրինակ՝
- Լող է տալիս ջրերում:
- Պար է գալիս խնդագին:
Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:
Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:
Նրա հագուստը կարմիր էր:
Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:
- Այցելուն բժիշկ էր:
- Մոտեցողները հինգն են:
- Քո արածը օգնել չէր:
Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:
Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները (ենթակա) հացադուլ են հայտարարում (ստորոգյալ) :
2. Օձի թույնը (ենթակա) բժշկության մեջ շատ արժեքավոր է (ստորոգյալ) :
3. Գերմանացի մի կոնստրուկտոր (ենթակա) մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել (ստորոգյալ) :
4. Հնդկաստանի բնակիչները (ենթակա) ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում (ստորոգյալ) :
5. Աղմուկի միջից մեզ էին հասնում (ստորոգյալ) օգնության հուսահատ կանչերը (ենթակա) :
2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —շողեր էին—- —երևում——(երևալ)
2. Գարնան արևոտ օրերը- ինձ —հիշեցնում էին-(հիշեցնել), որ մայիսն է:
3. —Քամին հալածել է——(հալածել) մառախուղի թանձր քուլաները:
4. Ճապոնիայում —թողարկվեցին-(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող —գրիչներ—։
Քամին, օրեր, շող, գրիչներ
3. Գտիր համաձայնության սխալները:
• Մի մասը լռում են:
Մի մասը լռում է:
• Ընդունվում է պատվերներ:
Ընդունվում են պատվերներ:
• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։
Ամեն մի զինվոր ու հրամանատար իր պարտքը պիտի կատարի:
• Պահանջվում է վարորդներ:
Պահանջվում են վարորդներ:
4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
• Լճում ձկների տեսակները շատացել են , և կերի պակաս է նկատվում:
• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային , և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
• Դու քաջ ես ,ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
• Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց: