Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյա թեմայով․
Ձկների արտաքին կառուցվածքը
Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե 400 մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները:
Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:
Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը:

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:
Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝
1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:
2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:
Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.
Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:
Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:
Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

I. Մաշկ
Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը:

Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:
Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝
II. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:
III. Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:
Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:
Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով:
Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:
Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:
IV. Գոտիներ.
Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար:

Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ:

Ձկների ներքին կառուցվածքը
Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:
Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.
1. Հաղթահարել ջրի դիմադրությունը և լողալ ջրի հոսանքին համարժեք. ձկների երկկողմանի տափակացած, լորձապատ, շրջհոսելի և կտրուկ չհատվածավորված մարմինը լուծում է այդ խնդիրը:
2. Պահպանել հավասարակշռություն ջրում. ձկների լավ զարգացած և ըստ գործառույթների տարբերակված ուղեղը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:
3. Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ 2 զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:
4. Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ձկները հնագույն, միջավայրին առավելագույնս հարմարված և ակտիվ կենսակերպ վարող են:

Մարսողական համակարգ
Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:
Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:
Ձկները արդեն իսկ ձեռք են բերել լավ զարգացած մարսողական գեղձեր՝ լյարդ և ենթաստամոքսային գեղձ. դրանք դուրս են տեղակայված մարսողական խողովակից և ծորաններով բացվում են բարակ աղիքում:
Սննդի հիմնական մարսումը կատարվում է ստամոքսում՝ իր իսկ մարսողական հյութերի ազդեցությամբ և բարակ աղիներում՝ մեծամասամբ մարսողական գեղձերի արտադրած հյութերի ազդեցությամբ:
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. հաստ աղիք, 7. հետանցք

Արտազատական համակարգ
Ողնաշարավորների օրգանիզմում կենսագործունեության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը ձևավորում են մեզ:
Ձկների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.
1. մարմնի խոռոչում տեղակայված զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ,
2. հեղուկ արգասիքների անցում արյան կազմից ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում,
3. երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ,
4. միզածորաններով մեզի կուտակում միզապարկում,
5.միզանցքով մեզի հեռացում օրգանիզմից:

Շնչառական համակարգ
Բնագիտության դասընթացից արդեն գիտեք, որ գազերը՝ այդ թվում նաև O2-ը, լուծվում են ջրում: Ջրում լուծված O2-ով շնչում են նաև ձկները: Ջրից նրանում լուծված O2-ը կլանելու համար ձկներն ունեն լավ զարգացած ջրային շնչառության օրգաններ՝ խռիկներ:
Եթե ուշադիր դիտեք ձկանը, կտեսնեք, որ նա անընդհատ բաց ու փակ է անում բերանը՝ ջուր կլանելով. այդպես ձուկը շնչում է ջրում:
Ձկների օրգանիզմումO2-ը բջիջներին հասնում է արյան միջոցով:
Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում շնչառական և արյունատար համակարգերը միասին կազմում են մեկ ընդհանրական գործառնական միավոր:
Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:
Խռիկները ունեն հետևյալ կազմությունը.
1.Խռիկային կափարիչներ — անընդհատ բացվել — փակվելով հեռացնում են ջուրը և պաշտպանում խռիկները:
2.Խռիկային աղեղներ — կերակրափողի կտրատված, հաստացած կռճիկանման գոյացություններ, որոնք հենքի դեր են կատարում:
3.Խռիկային առէջներ — յուրօրինակ ցանցի դեր են կատարում, սպիտակ գույն ունեն և մաղի նման պահում են կերը կլանում, որպեսզի ջրի հետ չհեռանա:
4.Խռիկային թերթիկներ — մազանոթներով հարուստ, կարմրավուն գոյացություններ են, որտեղ իրականացվում է գազափոխանակություն:
Այսպիսով, գազափոխանակության հերթականությունը հետևյալն է՝
1. բերանով ջրի մուտք դեպի կլան,
2. խռիկային առէջներով ջրի անցում,
3. խռիկային թերթիկների ողողում ջրով,
4. գազափոխանակություն արյունատար մազանոթների և ջրի միջև,
5. խռիկային աղեղներից ջրի հեռացում խռիկային կափարիչներով:

Արյունատար համակարգ
Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:
Ձկներն ունեն երկխորշ սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից:
Արյունը ձկների փորոքից դուրս բերող անոթը աորտան է, որը ճյուղավորվում է զարկերակների:
Արյունը ձկների նախասիրտ բերող անոթը երակներն են:
Ձկներն ունեն արյան շրջանառության մեկ շրջան. սկսվում է փորոքից և ավարտվում է նախասրտում:
O2-ով հարուստ արյունը նշում ենք կարմիր գույնով. կոչվում է զարկերակային արյուն:
CO2-ով հարուստ արյունը նշում ենք կապույտ գույնով. կոչվում է երակային արյուն:
Ձկների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝
1. փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ խռիկային թերթիկներ,
2. գազափոխանակություն օդի և արյան միջև,
3. մեջքային աորտայով զարկերակային արյան շարժ դեպի հյուսվածքներ,
4. նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,
5. երակներով երակային արյան վերադարձ դեպի նախասիրտ:
Ձկների սրտում, այսպիսով, առկա է միայն երակային արյուն:

Նյարդային համակարգ
Ձկների նյարդային համակարգը կազմված է`
I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:
II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:
III.նյարդերից — որոնք դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:
Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են որոշակի ակտիվություններ և ունեն հստակ հերթագայություն՝
1.Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:
2.Միջին ուղեղ — դուրս են գալիս աչքերը շարժող նյարդերը:
3.Միջակա ուղեղ — ընկալում է տեսողական գրգիռները:
4.Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:
5.Առջևի ուղեղ — նյարդավորում է հոտառական զգայարանը:
Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները ունեն երկու տիպի ռեֆլեքսներ՝
1. Ոչ պայմանական — դրանք բնածին ռեֆլեքսներ են:
Եթե ակվարիումում կեր լցնենք, ապա ձկները արագ կնկատեն և կշտապեն այն կուլ տալ:
2. Պայմանական — դրանք ձեռքբերովի ռեֆլեքսներ են:
Եթե ակվարիումում կեր լցնելուն զուգահեռ մի քանի օր թխկթխկացնենք ապակու վրա, ապա թխկթխկացնենք առանց կեր լցնելու՝ ձկները արագ կհավաքվեն այնտեղ, որտեղ սովորեն կերակրվել:
Դա նշանակում է, որ թխկթխկոցի նկատմամբ ձևավորվել է պայմանական ռեֆլեքս:

Զգայարաններ
Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները լավ և արագ կողմնորոշվում են միջավայրում: Ձկների կողմնորոշումը կատարվում է լավ զարգացած զգայարանների միջոցով:
Զգայարանները արտաքին միջավայրի գրգիռները կլանող ընկալիչներ են:
Վերլուծիչները գլխուղեղի հատուկ կենտրոններ են, որոնք զգայարաններից ստանում են գրգիռները, մշակում և օրգանիզմին ուղարկում են գործարկման հրամաններ:
Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են:
Ձկների տեսողությունը թույլ է զարգացած՝ պայմանավորված ջրային միջավայրում լույսի տարածման առանձնահատկություններով: Մոտ տարածություններում ձկները տարբերում են առարկաների ձևն ու գույնը:
Հոտառական զգայարան — գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքներն են, որոնցում գտնվում են հոտառական պարկերը:
Ձկներն ունեն լավ զարգացած և սուր հոտառություն: Դա լավ գիտեն ձկնորսները, քանի որ խայծին բուրավետ յուղեր են ավելացնում:
Լսողական զգայարան — գլխի երկու կողմերում, աչքերի հետևում տեղակայված զույգ ներքին ականջներն են:
Ջուրը ավելի խիտ միջավայր է, քան օդը, հետևաբար նրանում ցանկացած տատանում, այդ թվում նաև ձայնը, ավելի լավ է տարածվում: Դրանով պայմանավորված ձկները գերազանց լսում են, ավելին՝ նրանք ձայներ են արձակում՝ ծվծվում, խռխռացնում, սուլում:

Այսպիսով «ձկան պես խուլ ու համր» արտահայտությունը իրականությանը այդքան էլ չի համապատասխանում:
Շոշափելիքի և ճաշակելիքի զգայարան — բերանի շուրջ առկա բեղիկները, մսոտ շրթունքներն ու համի քեմոընկալիչներն են:
Կողագիծ — մաշկում գտնվող հատուկ զգայական խողովակ է, որը մարմնի երկու կողմերում թեփուկների գծային հատուկ անցքերի շնորհիվ հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ:
Կողագծի օրգանը բնորոշ է միայն ձկներին, քանի որ կապված է ջրային միջավայրում կենսագործունեության և նյարդային համակարգի պարզ կառուցվածքի հետ:
Կողագծի միջոցով ձկները զգում են ջրի տատանումները, հոսանքի ուժը, ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները:
Կողագիծը ձկների գլխավոր զգայարանն է:

Ձկների բազմազանությունը և դասակարգումը
Ձկների վերնադաս
Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝
1. Կռճիկային ձկների դաս
2. Ոսկրային ձկների դաս
Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:
Հովանավորող գունավորման դրսևորումներ են.
I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:
II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:
Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:
Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:
I. Կռճիկային ձկների դաս
Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:
Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:
Շնաձկների կարգ
Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:
Ներկայացուցիչներն են՝

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

Կատվաձկների կարգ
Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:
Ներկայացուցիչներն են՝

Էլեկտրական կատվաձուկ

II. Ոսկրային ձկների դաս
Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:
Թառափանմանների կարգ
Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5 շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:
Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:
Ներկայացուցիչներն են՝

Սաղմոնանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:
Ներկայացուցիչներն են.
Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:
Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:
Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

Ծածանանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.
Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ:
Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:
Տառեխանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.
Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

Վրձնալողակ ձկների ենթադաս
Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:
Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:
Երկշունչ ձկների ենթադաս
Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է:

Ձկների բազմացումը և զարգացումը
Ձկները հանդիսանում են բաժանսեռ կենդանիներ են:

Ողնաշարավոր կենդանիների պատմական զարգացման ընթացքում ձևավորվել է բեղմնավորման 2 հիմնական տեսակ՝
1. Արտաքին բեղմնավորում
Ե՛վ արական, և՛ իգական սեռական բջիջները դուրս են բերվում արտաքին միջավայր: Արտաքին միջավայրում, արտաքին գործոնների ազդեցությամբ էլ դրանք հանդիպում են և բեղմնավորվում:
Սաղմի զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում, սաղմը սնվում է ձվաբջջի պաշարանյութերով:
2. Ներքին բեղմնավորում
Արական սեռական բջիջները էգի համաձայնությամբ տեղափոխվում են նրա սեռական ուղիներ: Էգի սեռական ուղիներով սպերմատոզոիդները շարժվում են դեպի ձվաբջիջ և կատարվում է բեղմնավորում:
Սաղմը զարգանում է մոր արգանդում և սնվում մոր օրգանիզմի հաշվին:
Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Տարբերում ենք ձկների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.
- ձկնկիթի զարգացում,
- գաղթ,
- ձվադրում,
- բեղմնավորում,
- սաղմնային զարգացում:
Ձկնկիթի զարգացում
Էգ ձկան կենտ իգական սեռական օրգանում՝ ձվարանում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Էգի ձվարանում հասունացած ձվաբջիջների թիվը հասնում է հսկայակական քանակի, օրինակ՝ ձողաձկան դեպքում մոտ 1 մլն, թառափը՝ 2,5 մլն, լուսնաձուկը՝ 600 մլն:
Որոշ տեսակի ձկներ, օրինակ՝ շնաձկները, կատվաձկները ունեն ներքին բեղմնավորում և կենդանածին են:
Հասունացած ձվաբջիջների տեղափոխումը էգի օրգանիզմից արտաքին միջավայրի սուբստրատի վրա կոչվում է ձվադրում:

Ձկան ձվադրած ձվաբջիջների ամբողջությունը կոչվում է ձկնկիթ:
Ձկան ձվադրումը կատարվում է հետանցքի ետևում գտնվող միզասեռական անցքով:
Մշակված ձկնկիթը կոչվում է խավիար, պարունակում է մարդուն պիտանի սննդանյութեր և հանդիսանում է նրբահամ և թանկարժեք խորտիկ:

Ձկնկիթում ձվաբջիջների հսկայական քանակությունը պայմանավորված է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններով: Ջրի աղայնությունը, ճնշումը, գիշատիները, լույսի քանակը և այլ գործոններ կարող են խաթարել ինչպես բեղմնավորումը, այնպես էլ հետագա զարգացումը: Հետևաբար որոշակի քանակով սերունդ թողնելու նպատակով ձկները մեծացնում են բեղմնավորման ինտենսիվությունը:
Գաղթ
Ապագա սերնդի հուսալի զարգացումը ապահովելու համար ձկները ձվադրման նպատակով տեղափոխվում են ավելի ապահով ջրատարածքներ, որտեղ կան ձկնկիթի պահպանման և զարգացման ավելի լայն պայմաններ:
Եվրոպական օձաձուկ— ձվադրման նպատակով Հյուսիսային Եվրոպայի գետերից գաղթում է Ատլանտյան օվկիանոս:
Կետա — Ճապոնական ծովից ձվադրման նպատակով լողում է դեպի Հեռավոր Արևելքի գետաբերանները:
Սապատաձուկ — Օխոտի ծովից մտնում է Կամչատկայի հորդառատ գետերը:
Ռուսական թառափ — ձվադրելու նպատակով Կասպից ծովի հյուսիսային շրջաններից խմբերով գաղթում է դեպի Վոլգայի դելտան:

Ձվադրում
Ձվադրման համար ձկները հիմնականում մտնում են գետերը, քանի որ գետի ջուրը ավելի քաղցրահամ է, պարունակում է ավելի շատ թթվածին և լույս: Հայտնվելով գետի ջրային ավազանում՝ էգը ձվադրում է գետի հատակին՝ ձկնկիթը ամրացնելով ավազին, քարերին կամ բույսերին: Ձկնկիթի յուրաքանչյուր հատիկ իրենից ներկայացնում է մեկ ամբողջական ձվաբջիջ, որը հարուստ է սննդարար պաշարանյութերով: Գետերի հոսանքին հակառակ լողալուց և սննդարար նյութերի մեծ մասը ձկնկիթին որպես պաշարանյութ տրամադրելուց, ձվադրելուց հետո ուժասպառ հանձնվում է գետի հոսանքին: Արդյունքում նրանց մոտավորապես կեսը սատկում է:

Բեղմնավորում
Ձվադրելուց հետո արուները ձկնկիթի վրա լցնում են իրենց արական սերմնահեղուկը: Դրան հաջորդում է ջրում բեղմնավորումը և սաղմի ձևավորումը:

Սաղմնային զարգացում
Բեղմնավորումից հետո առաջացած սաղմը սնվում է ձվաբջջին բնորոշ հատուկ օրգանի՝ դեղնուցապարկի մեջ պահեստավորված սննդանյութերի հաշվին: Բեղմնավորումից որոշակի ժամանակ անց ձկնկիթից դուրս են գալիս թրթուրները: Տարբեր ձկների մոտ ձկնկիթում սաղմնային զարգացման ժամանակաշրջանը տարբեր է: Այսպես օրինակ.
- բեղմնավորումից 3−4 օր անց (ծածան, կողակ, պերկես),
- բեղմնավորումից 1,5−2 ամիս անց (իշխան, սիգ, կարմրախայտ):
Թրթուրները աճելով դեղնուցապարկի հաշվին՝ վերածվում են մանրաձկան մատղաշների: Մանրաձկան փորի վրա դեռևս տեսանելի է փոքրիկ դեղնուցապարկը, որը սննդանյութերի սպառմանը զուգահեռ անհետանում է:

Սերնդի խնամք
Կենդանի օրգանիզմները կյանքի զարգացման ընթացքում մշակել են տեսակի պահպանման 2 դրսևորում՝ կա՛մ մեծ բեղունություն, կա՛մ սերնդի նկատմամբ խնամք:
Չնայած այն հանգամանքին, որ ձկները ինքնապահպանման հիմնական մեխանիզմ դիտարկում են մեծ բեղունությունը՝ որոշ ձևեր այնուհանդերձ հոգ են տանում իրենց սերնդի մասին:
Այսպես օրինակ՝
Եռասեղ փշաձուկ — էգը ջրային բույսերից կառուցում է բուն, որի մեջ դնում է 60−70 ձկնկիթ: Արուն բեղմնավորումից հետո պաշտպանում է և՛ ձկնկիթը, և՛ մատղաշը:
Տիլյապի — բնակվում է աֆրիկյան քաղցրահամ ջրերում, որտեղ դնում է մոտ 300 ձկնկիթ: Բեղմնավորումից հետո արուն ձկնկիթը պահում է իր բերանում, որտեղ էլ զարգանում է մատղաշը:
Ծովաձիուկ — նրանց արուները փորիկի վրա ունեն հատուկ պարկ՝ ձվերի և մատղաշների համար:
