Рубрика: Կենսաբանություն

Դեկտեմբերի 12-18

իրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման.

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:

1097034.jpg

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:

Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg

Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:

Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:

Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:

Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg

Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում:

Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ 

th.jpg

Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ

1-17.png

Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.

  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:

Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:

Գամետների միաձուլումից առաջանում է զիգոտ, որը սկզբնավորում է ապագա օրգանիզմի սաղմը

Հետևաբար, որպեսզի ծաղկավոր բույսերը բեղմնավորվեն, անհրաժեշտ է, որպեսզի կատարվի փոշոտում:

Փոշոտումը արական փոշեհատիկի տեղափոխությունն է իգական վարսանդի սպիի վրա:

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:

Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

3.png

Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:

4.png

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:

Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը: