Рубрика: Բնագիտություն

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

Հարցեր՝
1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս։ Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ։ Բույսի անգույն մասերում, արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ։


3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Հողի, ջրի, մեր որգանիզմի մեջ, ևալն

Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:
Դիտեք՝ տեսանյութը

Рубрика: Բնագիտություն

Բջջի քիմիական բաղադրությունը

 Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին

Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը: բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։
2. Պատրաստել տեսանյութ, պատմիր բջջի բաղադրության մասին: